Պատգամավորներն առաջարկում են երկարաձգել ծխախոտի ցուցադրման արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ը: Փոփոխությունների նախագծերի փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Բաբկեն Թունյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել է ԱԺ-ում փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո: Նա հիշեցրեց, որ նախագծին տվել էին դրական եզրակացություն, թեև շեշտել էին, որ ունեն բազում մտահոգություններ՝ կապված օրենքի տնտեսական հետևանքների հետ, մտադիր էին փոքր աշխատանքային խումբ ձևավորել և աշխատել ամենատարբեր դրույթների վրա:
«Սակայն քանի որ ունեցանք ֆորսմաժորային իրավիճակներ,ցավոք սրտի այդ աշխատանքն ամբողջ խորությամբ չհասցրեցինք կատարել: Եվ այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,-ասաց Թունյանը:
Այնուհետև պատգամավորը ներկայացրեց, թե որ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետն են հետաձգում: Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է:
Թունյանը ներկայացրեց, թե ինչու են որոշել հետաձգել հենց այս դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը: «Կարծում ենք, որ ծխախոտի տարածվածության վրա դրանց ազդեցությունը խիստ կասկածելի է: Կասկածելի է, թե դա քանի տոկոսով էր կրճատելու ծխողների թիվը, սակայն մարդկանց, տնտեսավարողների եկամուտների վրա ազդեցությունը խիստ էական է»,-ասաց Թունյանը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, սակայն, ասաց, որ կառավարության դիրքորոշումն այն է, որ եթե այդ կետերն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, որևէ տնտեսական ազդեցություն չեն ունենա, համավարակի պարագայում շատ ավելի կարևոր է, որ օրենքի բոլոր դրույթները գործեն: «Այս ամիսները ևս մեկ անգամ մեզ ապացուցեցին, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Այսօր կորոնավիրուսային հիվանդությունից մահանում են հենց այն մարդիկ, որոնք ոչ վարակիչ հիվանդություններ ունեն: Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի ֆակտորը հանդիսանում է ծխախոտի օգտագործումը: Եվ կարծում եմ, որ մենք պետք է մեր ուժերը համատեղ ներդնենք, որ ուժեղացնենք այս օրենքի բոլոր դրույթների կիրարկումը»,-նշեց նա ու հորդորեց նախագիծը հանել շրջանառությունից:
Նախագիծը բուռն քննարկվեց հանձնաժողովի նիստում: Քվեարկությունից առաջ նիստը ընդմիջվեց:
Ապա փաթեթն ստացավ դրական եզրակացություն, այն դեկտեմբերի 24-ին 24-ժամյա ռեժիմով կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Կարծիքներ