Հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ, որևէ մտահոգություն չունեմ․ Տավուշի մարզպետ
Տավուշի սահմանին ոչ մի խնդիր չկա, դրանք սուտ տեղեկություններ էին, սահմանային իրավիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է 1 կամ 2 տարի առաջ։ News.am-ի հետ զրույցում վստահեցրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Տավուշի սահմանների անվտանգությունն ապահովող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ էր հանդես եկել։ Հարցին, թե հակասություն չկա՞ քաղաքական և ռազմական իշխանությունների մտահոգությունների միջև, դուք սահմանային խնդիրներ չեք տեսնում, մինչդեռ բարձրաստիճան զինվորականները լուրջ տագնապներ ունեն։
«Այդ հայտարարությունը նորություն չէր, եթե դիտարկենք ԳՇ-ի հայտարարությունը, որի տակ ստորագրել էր նաև պարոն Խաչատուրովը։ Այդ հայտարարությունները որևէ կապ չունեն մեր սահմանների պաշտպանության և ԶՈՒ-ի կոնկրետ իրականացվող ծառայության հետ։ Որևէ հայտարարություն չի եղել այն կոնտեքստում, որի մասին դուք նշում եք», ասաց Հայկ Չոբանյանը։
Բարձրաստիճան զինվորականների հայտարարությունների շարժառիթներին մարզպետը չցանկացավ անդրադառնալ՝ հավելելով, որ որևէ խնդիր չի տեսնում 3-րդ բանակային կորպուսի պարտավորությունների կատարման առումով։ «Ավելին, բոլոր աշխատանքները իրականացվում են բարձր մակարդակով։ Ես հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ կապված այս օրերի տեղեկատվական աժիոտաժի հետ։ Որևէ մտահոգություն այդ առումով ես չունեմ», նշեց նա։
Երբ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը հրապարակվեց, այնտեղ Տավուշի մասին հիշատակում կար, որը կարճ ժամանակ հետո սրբագրվեց, խոսքը հետևյալի մասին է․ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: Հաշվի առնելով նաև Սյունիքում առկա իրավիճակը, որտեղ, ինչպես իշխանությունն է հայտարարել, «բանավոր պայմանավորվածությամբ» սահմաններ են կարգավորվում, մտավախություն չկա՞, որ նույն իրավիճակի առջև կարող է կանգնել նաև Տավուշը։ Մարզպետը նշեց, որ այդ շրջանում ուսումնասիրություն են կատարել և հասկացել են, որ նման տեղեկատվության աղբյուրը եղել է ադրբեջանական տելեգրամյան ալիքը։ «Դա առաջին խայծն էր, որ մենք կուլ տվեցինք ու շրջանառության մեջ դրեցինք այդ հայտարարությունը։ Եթե հասարակությունը տեղեկատվական առումով գրագետ լինի, այս թեմաները ոչ թե շրջանառության մեջ կդնի ու կդարձնի ներքին խժդժությունների առարկա, այլ մեր օրակարգերը առաջ կքաշենք ու թող Ադրբեջանում մտածեն դրանց մասին։ Սխալ է այս ողջ ալիքը, որը ստեղծվում է ադրբեջանահաճո հայտարարությունների հիման վրա։ Նույն ձևով կարող ենք մենք փաստաթուղթ հրապարակել, որն այդ երկրում կդառնա քննարկման առարկա։ Կարիք չկա այս անլուրջ թեմայի շուրջ երկար քննարկումներ ծավալել»։
Տավուշի մարզպետն այս պահին ունի մեկ մտահոգություն՝ Ադրբեջանի նկրտումները, որոնց դիմակայելու համար պիտի երկիրն ուժեղացնել, անվտանգության մակարդակը բարձրացնել։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս հասարակությունը տեղեկատվական գրագիտություն ունենա, եթե իշխանությունն անգամ դրա կրողը չէ, Սյունիքում իրավիճակին ծանոթանալու համար անգամ լրատվամիջոցները պարտավորվում էին ԱԱԾ-ին տեղեկացնել այդ մասին, մարդիկ ինչպե՞ս պետք է վստահեն այն իշխանությանը, որը 44 օր կեղծ թեզերով պատերազմ վարեց, մարզպետը չհամաձայնեց դիտարկաման հետ և չցանկացավ քննարկել այս հարցերը։ «Մեր երկիրը և պատերազմից առաջ, և հետո մեկ խնդիր ունի՝ զարգանալու և թույլ չտալու նոր պարտություն։ Այս պարտությունը բոլորիս մեծ հարված էր։ Դրանում բոլորիս մեղքն այն էր, որ ողջ 25 տարիների ընթացքում մի բան ավելին չենք արել, քան կարող էինք։ Այսօր ոչ թե պիտի իրար փնովենք, քայքայենք մեր երկիրը, այլ փոխադարձ վստահությամբ, աջակցությամբ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք։ Այսօր հազարավոր մարդիկ իրենց աշխատանքով դա անում են, մնում է մյուս հազարներն էլ անեն»։
Իսկ երկիրը պարտության տարած իշխանությունը չպե՞տք է հեռանա։ «Իշխանության մնալ-չմնալը քաղաքական հարց է։ Ես Տավուշի մարզպետն եմ, չեմ ուզում որպես քաղաքագետ, վերլուծաբան կամ հոգեբան հանդես գալ։ Ես ունեմ պարտականություն, որը փորձում եմ պատվով կատարել։ Ես խոսում եմ բովանդակային օրակարգից, որովհետև դա այսօր հազարապատիկ ավելի կարևոր է»,- շեշտեց Հայկ Չոբանյանը։
Կարծիքներ