Մակրոնը չի ցանկանում Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում տեսնել Ֆրանսիայի եվրահանձնակատարին

Մակրոնը չի ցանկանում Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում տեսնել Ֆրանսիայի եվրահանձնակատարին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ցանկանում Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում տեսնել ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար և Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Թիերի Բրետոնին: 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Politico պարբերականը:

Նախօրեին Politico-ն, հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Բրետոնը ցանկանում է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում փոխարինել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Դրա համար նրան անհրաժեշտ կլինի եվրոպական բոլոր առաջնորդների աջակցությունը, ինչպես նաև խորհրդարանի հավանությունը, գրել է պարբերականը:

«Բրետոնը երբեք չի դառնա Եվրոպական հանձնաժողովի հաջորդ նախագահը:.. Մակրոնը դա չի ցանկանում», - պարբերականին ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ դա կապված է Atos խոշոր միջազգային ՏՏ ընկերության շուրջ պատմության հետ, որն ավելի վաղ գլխավորում էր Թիերի Բրետոնը: 2019 թվականին, երբ Մակրոնն առաջարկեց նրա թեկնածությունը եվրահանձնակատարի պաշտոնում, Բրետոնը ստիպված եղավ հեռանալ Atos-ի ղեկավարի պաշտոնից և վաճառել ընկերությունում իր բոլոր բաժնեմասերը, քանի որ մտահոգություններ էին առաջանում շահերի բախման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում