Երևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը

Երևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը

2024 թվականի մայիսի 19-ին Երևանը երկրորդ տարին անընդմեջ կդառնա աշխարհի ամենամասշտաբային կիսամարաթոններից մեկի՝ «One Run»-ի մի մասը։ Նախատեսվում է, որ կիսամարաթոնին ավելի քան 1000 երևանցիներ և հյուրեր կմասնակցեն։

Կիսամարաթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով onerunarmenia.com կայքում:

Միջոցառումը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Հերոսների մրցավազք» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ:

Երևանում մրցավազքը կանցկացվի չորս տարածություններով. 0-12 տարեկան մասնակիցները կհաղթահարեն 1 կմ, 13 տարեկան և բարձր մասնակիցները` 5 կմ, 16 տարեկան և բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան և բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը: 7 տարեկանից ցածր մասնակիցները կվազեն իրենց ծնողների ուղեկցությամբ:

«One Run»-ի մեկնարկն ու վերջնարկը նախատեսված են Հանրապետության հրապարակում: Այն կընդգրկի Երևանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան և մի շարք այլ կենտրոնական փողոցները:

Նույն օրն ավելի քան 160.000 մարդ «One Run» կիսամարաթոնին կմասնակցի Ռուսաստանի բոլոր մարզերում: Եվս 30.000 վազորդ միաժամանակ մարաթոնին կմասնակցի 14 երկրում՝ Հայաստանում, Չինաստանում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Սերբիայում, Բելառուսում, Բահրեյնում, Կատարում, Կամերունում, Նեպալում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Պակիստանում:

«One Run» կիսամարաթոնը 7 տարի շարունակ անցկացվել է միայն Ռուսաստանում և երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն:

Մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, շապիկներով, վկայականներով և խրախուսական նվերներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում