Բելգիայի արտաքին գործերի նախարարը Բրյուսելում հանդիպել է Ստեփանակերտի պայթյունից տուժած երիտասարդների հետ
Ստեփանակերտի ողբերգական պայթունից ծանր վնասվածքներ ստացած և բուժում ստանալու համար Բելգիա տեղափոխված երիտասարդներից երկուսը՝ Աշոտն ու Ալեքսն արդեն կազդուրվել են, շուտով դուրս կգրվեն «Ռեյն Աստրայդ» զինվորական հիվանդանոցից։ Երրորդ տուժածի՝ Սամվելի բուժումը դեռ շարունակվում է։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հանդիպել է բուժառուներին, նրանց մայրերին և Աշոտի երեք ամյա քրոջը՝ Եվային։
Հանդիպումը կազմակերպվել էր «Պողոսյան» հիմնադրամում՝ նախարարի խնդրանքով․ հանդիպումն անցել է ջերմ և ոչ պաշտոնական մթնոլորտում։ Պողոսյան հիմնադրամում այս օրերին ներկայացված է Հայաստանին նվիրված «Հայաստան, Սրբազանի ժամանակը» խորագրով ցուցահանդեսը: Հանդիպման վայրի ընտրությունը ցույց է տալիս նախարար Լահբիբի հավատարմությունն ու կարեկցանքն արցախցի հյուրերի տառապանքներին։
Հանդիպամանը ներկա էր նաև «Պողոսյան» հիմնադրամի համահիմնադիր, հովանավոր և արվեստագետ Ժան Պողոսյանը, ինչպես նաև Բելգիայի հայերի կոմիտեի անդամները։ Նախարարը ժամանակ տրամադրեց իր հյուրերից յուրաքանչյուրի հետ զրուցելուն և հետաքրքրվեց տղաների առողջությամբ։ Հաջա Լահբիբի հարցին, թե ընտանիքները հնարավորություն ունեցե՞լ են փոքր-ինչ տեսնել երկիրը, նրանք պատասխանեցին, որ բժիշկների կողմից սա երիտասարդների առաջին դուրս գալու թույլտվությունն է։ Մյուս կողմից, երիտասարդների մայրերն արդեն մի քանի անգամ կարողացել են այցելել Բրյուսել՝շնորհիվ մի խումբ հայ կանանց, որոնք ջանում էին նրանց առօրյան ավելի հաճելի դարձնել։
Մտքերի փոխանակումից հետո արցախցի հյուրերը շրջեցին ցուցահանդեսի սրահում՝ «Պողոսյան» հիմնադրամի տնօրեն Լումա Սալոմեի ընկերակցությամբ։ Հանդիպման ավարտին նախարար Հաջա Լահբիբը և «Պողոսյան» հիմնադրամը նվերներ հանձնեցին տղաներին, ինչպես նաև փոքրիկ Եվային, նրանց մաղթեցին շուտափույթ ապաքինում և ապահով վերադարձ։
Հյուրերի նվիրական երազանքն է վերադառնալ տուն՝ Լեռնային Ղարաբաղ, որտեղից բռնի տեղահանվել են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով։
Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահ Արմինե Հարեյանը նախարարի հետ զրույցի ժամանակ ընդգծեց՝ իրենց ակնկալիքն ու հույսն է, որ միջազգային հանրության օգնությամբ ու պաշտպանությամբ և Բելգիայի աջակցությամբ արցախահայության անվտանգ և երաշխավորված վերադարձն իրականություն դառնա։
Կարծիքներ