«Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. հուշարձանը մաքրվում է
Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Համացանցում հրապարակումների հիման վրա ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստում»,- նշեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացվում է հուշարձանի մաքրման աշխատանքը:
Վերջին ամիսներին սա հուշարձանի պղծման երկրորդ դեպք է. հարցին՝ արդյոք քաղաքապետարանը քայլեր ձեռնարկո՞ւմ է հուշակոթողի պահպանության և նման դեպքերը բացառելու ուղղությամբ, Կարապետյանը նշեց, որ սա խիստ դատապարտելի արարք է, որը պետք է բացառվի Երևան քաղաքում, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են համատեղ ապրում, կրելով երևանցու կոչումը:
«Ցանկացած տիպի և բովանդակության հուշարձանների պղծումը ծայրահեղ անընդունելի է, առավել ևս այն հուշարձանների, որոնք առնչվում են քաղաքում ապրող փոքրամասնություններին: Կարծում եմ, որ իրավապահ գերատեսչության հետ համագործակցությամբ այդ հարցին պետք է լուծում տրվի»,- ընդգծեց Կարապետյանը:
«Ապրել- չմոռանալ» հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կարծիքներ