Ջենովական «Բենեդիկտոս» ցիկլոնը Մոսկվայում. ՌԴ մայրաքաղաքում այսօր կգրանցվեն վերջին 69 տարվա ընթացքում ամենաառատ տեղումները

Ջենովական «Բենեդիկտոս» ցիկլոնը Մոսկվայում. ՌԴ մայրաքաղաքում այսօր կգրանցվեն վերջին 69 տարվա ընթացքում ամենաառատ տեղումները

Երեկ երեկոյան ժամերից Մոսկվայում հորդառատ անձրև է սկսվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: Ըստ կանխատեսումների՝ այսօր ջենովական «Բենեդիկտոս» ցիկլոնը կհարվածի մայրաքաղաքին և կգրանցվեն վերջին 69 տարվա ընթացքում ամենաառատ տեղումները:

Մոսկվայի օդերևութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցի խոսքերով՝ տեղումների քանակը կհասնի մինչև 23 միլիմետրի, ինչը կազմում է ամսական նորմայի 40%-ը: Դա մոտավորապես նշանակում է մեկ քառակուսի մետրի համար երկու դույլ ջուր։

«Հորդառատ անձրևներին կեսօրից հետո կփոխարինեն ձյան տեղումները՝ մինչև 900 մ տեսանելիության նվազմամբ։ Մինչ այժմ օրվա ռեկորդը գրանցվել է 1952 թվականին (25,4 միլիմետր)»,- ասել է աղբյուրը:

Մոսկվայի քաղաքային ծառայությունները նախօրեին բերվել էին բարձր պատրաստվածության։ Արտակարգ իրավիճակների բրիգադները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, իսկ այն վայրերում, որտեղ կարող է ջուր կուտակվել, տեղակայվել է հատուկ տեխնիկա։ Էներգետիկ ընկերություններին հանձնարարվել է պատրաստել վթարային սնուցման սարքեր։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը, իսկ փողոցում լինել ծայրահեղ զգույշ՝ չթաքնվել ծառերի տակ և մեքենաները չկայանել դրանց մոտ, տրանսպորտային միջոցներ վարելիս խստորեն պահպանել արագության և հեռավորության կանոնները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում