ԱՄՆ Սենատի հանրապետականներն արգելափակել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ներառող պաշտպանության բյուջեի նախագիծը
Հանրապետականները երկուշաբթի օրը ԱՄՆ Սենատում արգելափակել են հաջորդ ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանության բյուջեի նախագծի հետագա ընդունումը՝ ընթացակարգային քվեարկության ժամանակ։
Ի պաշտպանություն նախագծի Սենատում քննարկման հաջորդ փուլ անցնելու, որի համար անհրաժեշտ էր հավաքել 60 ձայն, քվեարկել է 45 սենատոր, դեմ՝ 51 օրենսդիր։
Մոտ 770 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեի նախագծում ներառված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Քվեարկությունից առաջ Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը (Կենտուկիից) հայտարարել է, որ իր կուսակիցները արգելափակելու են բյուջեի նախագիծը այն պատճառով, որ դեմոկրատների մեծամասնությունը թույլ չի տվել հաստատել մի շարք առաջարկներ։
Սա 18 փոփոխություններով փաթեթ է, ներառյալ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումները։
Ավելի վաղ The Hill թերթը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձում է համոզել Սենատի դեմոկրատներին արգելափակել պաշտպանական բյուջեի նախագծի փոփոխությունը, որը պատժամիջոցներ կսահմանի ընկերությունների նկատմամբ գազատարի հավաստագրմանը մասնակցելու համար։
Այսպիսով, սենատորները կշարունակեն քննարկել նախագիծը, քանի դեռ մեկ այլ նմանատիպ քվեարկություն չի ավարտի այս գործընթացը։ Ամսաթիվը պետք է հայտարարի Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորք նահանգ):
Հաջողության դեպքում սենատորները եւս մեկ քվեարկություն կանցկացնեն բյուջեի նախագծում 50-ից ավելի ուղղումներով փաթեթի ընդգրկման վերաբերյալ։ Երկու կուսակցությունների սենատորները համաձայն չէին, թե որ ուղղումները պետք է ներառվեն:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրման համար ռիսկեր չի տեսնում՝ կապված ԱՄՆ հնարավոր նոր պատժամիջոցների հետ։
«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին։ Ի սկզբանե նախատեսվում էր այն ավարտել 2019 թվականի վերջին, սակայն ԱՄՆ սահմանափակումների պատճառով աշխատանքները հետաձգվեցին։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին հավանության է արժանացրել հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, փաստաթուղթը ներառում էր հակառուսական օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ:
Սենատը սկսել է քննարկել այս նախաձեռնությունը և մտադիր է դրանում մի շարք ուղղումներ մտցնել։ Սենատորների կողմից փաստաթղթի հաստատումից հետո կոնգրեսականները պետք է կրկին հաստատեն այն՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները, որից հետո բյուջեի նախագիծը կուղարկվի պետության ղեկավարին՝ ստորագրման։
Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը բացառապես կոմերցիոն նախագիծ է և իրականացվում է եվրոպացի գործընկերների հետ համատեղ։
Կարծիքներ