Լավ կլինի, որ անիմաստ աղմուկ բարձրացրած «սրտացավ» ամենագետները ուշադրություն դարձնեն զինվորների պատրաստության վրա
«Զինուժի» ցուցադրած ռեպորտաժից հետո սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ ՊՆ մեր զրուցակիցը, չթաքցնելով իր վրդովմունքը, ասաց.
Նախ՝ այդ արտահագուստը մեր բանակին արված նվիրաբերություն է, այսինքն՝ զինված ուժերը դրա ձեռքբերման համար գումար չի ծախսել։ Ոչ մի դրամ։ Երկրորդը՝ ընկերությունը, որն արտադրում է այդ արտահագուստը, աշխարհում լավագույններից մեկն է, որի արտադրանքը չափազանց որակյալ է համարվում։ Այդ արտահագուստի ամենակարևոր հատկություններից են անջրաթափանցությունը, կրելու հարմարավետությունը, և, բացի այդ ամենից, այն, ինչպես արդեն տեսանք, սպիտակ է։ Իսկ սրանք այն հատկություններն են, որոնք առաջնային են՝ ձմեռային պայմաններում վարժանքներ իրականացնող զինվորների արտահագուստի համար։ Թեման շահարկողները, չգիտես ինչու, «չեն նկատել», որ արտադրանքի բնութագրի մեջ նշված է «Popular industries using this product include liquid handling, aviation, pharmaceutical manufacturing, general manufacturing and so much more», այսինքն՝ այս արտահագուստն օգտագործվում է նույնիսկ «ավիացիայում… և բազմաթիվ այլ ոլորտներում»: Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Եվ ահա, քանի որ այդ բնութագրում գրված չէ «ռազմական նպատակներով», շահարկողները որոշել են, որ այն չի կարելի օգտագործել ձմեռային պայմաններում ուսումնական վարժանքների համար, բայց, չգիտես ինչու, չեն նկատում «բազմաթիվ այլ ոլորտներում» ձևակերպումը, և, բնականաբար՝ չեն հիմնավորում, թե հատկապես ինչու՞ այն չի կարելի օգտագործել։ Իսկապես, ինչու՞ չի կարելի օգտագործել այդ արտահագուստը, եթե այն կատարում է իր խնդիրը. անջրաթափանց է, այսինքն՝ զինվորները չեն թրջվում, հարմար է կրելու համար, այսինքն՝ զինվորներին այն կրելը հարմար է, և սպիտակ է, այսինքն՝ զինվորների քողարկման խնդիրը լուծվում է։ Մեր զինվորներն, իհարկե, այլ, մարտական գործողությունների ժամանակ կիրառվող քողարկող արտահագուստ ունեն։ Իսկ սա օգտագործվում է հիմնականում ուսումնական վարժանքների ժամանակ։
Հետևաբար՝ լավ կլինի, որ զինված ուժերի համար այդքան «սրտացավ» ամենագետները, որոնք բարձրացրել են այս անիմաստ աղմուկը, նախևառաջ ուշադրություն դարձնեն «Զինուժի» ռեպորտաժի բուն նյութի՝ զինվորների պատրաստության վրա, այլ ոչ թե արտահագուստի։
Կարծիքներ