Վանաձորցի դպրոցահասակ աղջկան բռնության ենթարկելու գործով կա մեղադրյալ. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա 1 մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք)։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու անչափահաս աղջիկ՝ 13 և 15 տարեկան, տնից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, ժամեր անց հարազատներն ու դպրոցի անձնակազմը նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ունեցել և դիմել են ոստիկանություն:
Նույն օրը ոստիկանությունը սկսել է իրականացնել որոնողական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ անչափահաս աղջիկները սովորում էին Վանաձորի դպրոցներից մեկում, նաև՝ ապրում Վանաձորում:
Տեղեկություններ են ստացվել նաև, որ աղջիկների հետ են եղել 2 երիտասարդ տղաներ՝ 19 և 23 տարեկան, ովքեր Երևանում են բնակվում և հեռախոսային շփում են ունեցել աղջիկների հետ:
Արդեն դեկտեմբերի 21-ին ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Կողբացի փողոցի շենքերից մեկում, ըստ տեղեկությունների՝ վարձակալված բնակարանում:
Երիտասարդները ձերբակալվել են։
Տեղեկություններ կան, որ այդ անձինք Երևանում վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։
15-ամյա աղջիկը մահացել է, մյուսի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ