Դիմորդները այս տարի բանավոր քննություններ չեն հանձնելու․ ԳԹԿ
Դիմորդները հնարավորություն ունեն գալիք ուսումնական տարվանից բուհերի ընդունելության քննություն հանձնել երկու անգամ: Կարգավորումը նախատեսված է ընդունելության կարգում կատարված վերջին փոփոխությամբ:
Այս և բուհերի ընդունելության գործընթացին առնչվող այլ հարցերի մասին այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:
Լուսինե Գրիգորյանի խոսքով` ընդունելության կարգում կատարված հիմնական փոփոխությունը վերաբերում է բացառապես քննությունների կազմակերպման գործընթացին: Դիմորդը քննություն կհանձնի երկու անգամ` նույն ուսումնական տարվա հունվարին և հունիսին: Ընդունելության մրցույթը կատարվելու է միայն մեկ անգամ` ամռանը` ընդունելության քննությունների ավարտից հետո:
«Հաճախ թյուրընկալում է լինում այն առումով, որ բուհերի ընդունելության մրցույթը երկու անգամ է կազմակերպվելու. նման բան չկա: Կարգում կատարված փոփոխությամբ գալիք տարվանից հնարավորություն է տրվում միասնական քննություն հանձնել երկու անգամ։ Մրցույթը, ինչպես միշտ, լինելու է մեկ անգամ, ամառվա ընթացքում՝ ընդունելության քննությունների ավարտից հետո, մինչև հուլիսի 15-ը կամփոփվեն ընդունելության մրցույթի արդյունքները: Մրցույթի ժամանակ հաշվի կառնվի նույն առարկայի քննությունից դիմորդի ունեցած առավել բարձր միավորը»,- պարզաբանել է Լուսինե Գրիգորյանը։
Բանավոր քննություններ չեն լինի
Կարգում կատարված հաջորդ փոփոխությամբ` այս տարվանից սկսած ընդունելության քննության տեսակներ են համարվում միասնական և ներբուհական քննությունները` ի տարբերություն նախկին կարգավորման, երբ սահմանված էին միասնական, ներբուհական և կենտրոնացված (բանավոր) քննություններ։
«Ներբուհական քննությունները հիմնականում արվեստի բնագավառի քննություններն են, որոնք կազմակերպում և անցկացնում են բուհերը։ Միասնական քննություններն ավանդաբար հանրակրթական առարկաների քննություններն են, որոնք կազմակերպում և իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը»,- նշել է Լուսինե Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ` ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ընդունելությունը կկազմակերպվի մեկ բուհ, մեկ մասնագիտություն սկզբունքով: Այսինքն` հայտագրման ժամանակ դիմորդը կկարողանա ընտրել միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն` վճարովի և անվճար համակարգով: Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ կամ երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած այն դիմորդները, որոնք ընդունելության քննություններից դրական միավորներ են ստացել:
Բուհերի ընդունելության համար նախկինում կազմակերպվող բանավոր քննություններն այլևս չեն լինելու` դրանք չեղարկվել կամ փոխարինվել են գրավոր քննություններով:
«Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություններ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտություններ առարկաների քննություններից»,- տեղեկացրել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Դիմորդները կհանձնեն երկու քննություն
Որպես ընդհանուր միասնական մոտեցում` սահմանվել է, որ բուհ ընդունվելիս բոլոր դիմորդները, անկախ ընտրած բուհից և մասնագիտությունից, հանձնելու են երկու քննություն:
«Միասնական քննությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ, երկու կամ երեք քննություն` նայած բուհ կամ մասնագիտություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշել է Կարո Նասիբյանը:
Ընդ որում՝ տարբեր բուհերում առկա նույն մասնագիտության համար սահմանվել են նույն քննությունները` դարձյալ հաշվի առնելով միասնական մոտեցում ապահովելու առաջնահերթությունը:
Դիմորդների առցանց հայտագրումը կավարտվի մայիսի 10-ին
ԳԹԿ փոխտնօրենի տեղեկացմամբ` միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու համար դիմորդները պետք է dimord.am կայքում առցանց եղանակով լրացնեն ընդունելության դիմում-հայտ` մինչև մայիսի 10-ը: Օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտները և այս տարվա զորացրվածները կարող են հայտագրվել ավելի ուշ` հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Այս փուլում` մինչև մայիսի 15-ը, կարող են հայտագրվել այս տարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները: Կարո Նասիբյանի խոսքով` դիմում-հայտը լրացնելիս դիմորդները կարող են ապավինել իրենց դպրոցների տնօրինության աջակցությանը: Դպրոցների տնօրեններն աշխատանքային կարգով արդեն իրազեկվել են ընդունելության հայտերի լրացման գործընթացի մասին և կարող են աջակցել դիմորդին: Նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև ուսումնարաններն ու քոլեջներն այս տարի ավարտողները ևս կարող են ստանալ աջակցություն` ըստ բնակավայրի դիմելով այդ նպատակով առանձնացված համապատասխան դպրոցներ:
Հաջորդական քայլերի մասին
Անդրադառնալով ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքներին` Կարո Նասիբյանը նշել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները մարզային շրջայցերի ժամանակ մանրամասն ներկայացրել են նոր կարգի փոփոխությունները: dimord.am կայքում տեղադրված է հայտագրման մասին պատմող տեսահոլովակը, բուհերի և մասնագիտությունների ցանկը, ընդունելության կարգը, որոնց ծանոթանալուց հետո դիմորդը կարող է կատարել բոլոր հաջորդական քայլերը:
Բանախոսը նաև հիշեցնում է, որ մինչև հայտագրման ժամկետի վերջին օրը՝ մայիսի 10-ը, դիմորդը կարող է առցանց դիմում-հայտում փոխել և՛ նախընտրած բուհը, և՛ մասնագիտությունը:
Պահանջվող փաստաթղթեր
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է ներկայացնել 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (հազար հինգ հարյուր) դրամի կտրոնը: Ներբուհական քննություն հանձնող դիմորդները նշված գումարը փոխանցում են համապատասխան բուհի հաշվեհամարին:
Կարծիքներ