Տրանսպորտային ուղիների բացումը նոր հնարավորություններ է ստեղծելու հանքարդյունաբերության ոլորտի համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ:
Նա նշել է, որ շատ կարևոր է համարում հանքարդյունաբերության ոլորտում մի ռազմավարական խնդիր, որի շուրջ ոլորտը և Կառավարությունը պետք է սերտորեն համագործակցելու հնարավոր հնարավորություններ գտնեն:
«Խոսքն արդյունաբերության շղթան երկարացնելու մասին է։
Իրականում մեզ համար մեծագույն խնդիր է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել: Մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք և դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան»,- նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ նշված խնդրի շուրջ արդեն եղել են որոշ քննարկումներ, և այժմ էլ շարունակվում են դրանք:
«Ես հույս ունեմ, որ առաջիկա գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրն այս առումով, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար այս ոլորտում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ