ԱԻՆ-ում անցկացվել է վարժանք նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ. գործարկվել են ԱԹՍ-ներ և ռոբոտ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով տարվա ամենամեծ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ներգրավված են եղել Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները:
Գործողությունների ընթացքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության, Ֆրանսիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանությունների ու տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչները:
Փրկարարական աշխատանքները միաժամանակ ծավալվել են մի քանի տեղամասերում: Գործի են դրվել նաև ԱԹՍ-ներ և ռոբոտ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետախուզական, որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը ներգրավված են եղել 152 փրկարար ծառայողներ, ՃԿՊԱ 26 ուսանողներ և 20 միավոր տեխնիկա:
Կարծիքներ