Մոսկվայի տոնին Միխայիլ Ամիրխանյանը ներկայացրեց «Հայաստանը ռուսական պոեզիայի հայելու մեջ» գիրքը
Մոսկվայի 874-ամյակի առթիվ սեպտեմբերի 3-ին Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ Միխայիլ Ամիրխանյանի «Հայաստանը ռուսական պոեզիայի հայելու մեջ» (Армения в зеркале русской поэзии) գրքի շնորհանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում ներկայացված են ռուս գրողների բանաստեղծություններն ու ստեղծագործությունները, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանին և հայերին։
«Միշտ հաճելի է դիտել, թե ինչպես են այլ ժողովուրդները խոսում մեկ այլ ժողովրդի մասին: Նման դեպքում հարցերին այլ աչքերով ես նայում: Ազգությամբ ոչ հայ հեղինակները, որոնք ներառվել են գրքում, սիրում են Հայաստանը: Սա լուրջ աշխատություն է, որը կյանքի է կոչել Ամիրխանյանը: Մենք շարունակելու ենք այս թեման՝ կազմակերպելով ընթերցողների մրցույթ: Մասնակիցները կներկայացնեն Հայաստանի մասին ռուս պոեզիան»,-նշեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Միխայիլ Ամիրխանյանը, որը 50 տարի զբաղվում է Հայաստանին առնչվող ռուս գրականությամբ, տեղեկացրեց, որ գրքում զետեղվել է 80 օտար հեղինակի 400 բանաստեղծություն՝ նվիրված Հայաստանին: «Ինձ հաջողվեց հավաքել այդ գործերը, բայց կարծում եմ՝ ոչ ամբողջը: Բանաստեղծություններից և ոչ մեկում Հայաստանի մասին բացասական որևէ տող չկա. բոլոր բանաստեղծությունները կա՛մ գովաբանում են, կա՛մ ցավակցում»,-նշեց Ամիրխանյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանը երբեք չի պատերազմել Ռուսաստանի հետ և հակառակը: «Ռուսաստանը միշտ փորձել է աջակցել Հայաստանին, իսկ հայերը պարտքի տակ չեն մնացել. ռուսական գիտության յուրաքանչյուր բնագավառում մշտապես հայերն են եղել, վառ անհատականություններ»,-հիշեցրեց Ամիրխանյանը՝ «Հայաստանը ռուսական պոեզիայի հայելու մեջ» գիրքը համարելով անգին, որը դարերով կապրի ինչպես հայ և ռուս ժողովուրդները:
Շնորհանդեսին օնլայն միացան Մոսկվայի հայկական թատրոնի դերասանները և կարդացին գրքում տեղ գտած բանաստեղծությունները։
Կարծիքներ