Գիտության փառատոնի 8 նախագիծ արժանացել է Օլիմպիադայի պատվոգրի
Ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի 8 մասնակից խումբ արժանացել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայի պատվոգրերի:
Պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:
Նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել գործընկերներին կարևոր նախաձեռնության՝ Գիտության օլիմպիադայի կազմակերպման համար՝ հետագայում համագործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնելով:
Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ գիտության զարգացումը և խրախուսումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, հիշեցրել է՝ դեռևս երեկ Կառավարության նոր որոշմամբ այս տարվա համար գիտության ոլորտին հատկացվող միջոցներն ավելացվել են շուրջ 2.7 մլրդ դրամով, ինչը կլինի շարունակական քաղաքականություն:
Ի հավելումն՝ Կարեն Թռչունյանը կարևորել է գիտության նկատմամբ հետաքրքրությունը դպրոցական տարիներից զարգացնելու հանգամանքը․ «Ծրագրում ենք փառատոներն անցկացնել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ մի քանի, և տարբեր ոլորտներով, ինչը կխթանի, որ աշակերտները հետաքրքրությունների շրջանակն ընդլայնեն համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում, փորձեն հասկանալ գիտության կարևոր դերը պետության կայացման գործում»:
Օլիմպիադայի հիմնադիր Ջոն Շիրաջյանը և Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամ Արեգ Գարաբեգյանը ևս շնորհակալություն են հայտնել համագործակցության համար: Ջոն Շիրաջյանը, դիմելով աշակերտներին, մասնավորապես նշել է.
«Լավ սովորելը ձեր պարտականությունն է: Զինվորները նահատակվել են, որ մեզ ապահով երկիր թողնեն, և յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, այս դեպքում՝ գիտությամբ: Ինչպես լոսանջելեսաբնակ մի գրող է ասում՝ մեր թշնամիների հարստությունը գետնի տակ է, մեր ազգի հարստությունը՝ գետնի վրա. դուք եք»:
Օլիմպիադայի հանձնաժողովը 8 նախագծերից լավագույն է ճանաչել «Եկեք սովորեցնենք համակարգչին արհեստական բանականությամբ կարդալ գրաբար ձեռագրերը G.A.I. ծրագրի օգնությամբ» նախագիծը՝ «Հայկական մշակույթի և ժառանգության պահպանում» անվանակարգում: Նախագիծը ներկայացրել էր Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը: Նա խոստացել է զարգացնել այն, հանդես գալ այլ հետազոտություններով, սովորել և ծառայել՝ ի շահ հայրենիքի: Նշենք, որ օլիմպիադայի շրջանակում ուսուցիչների համար նախատեսված Արամ Սարաֆյանի անվան մրցանակի է արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանը:
Կարծիքներ