ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին։
«Գլխավոր քարտուղարը վշտացած է Նորին թագավորական մեծություն արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դուքսի մահվան կապակցությամբ: Նա ցավակցություն է հայտնում թագուհուն և Միացյալ Թագավորության ժողովրդին»,- ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։
Գլխավոր քարտուղարը նաև հարգանքի տուրք է մատուցել Էդինբուրգի դուքսին՝ մարդկության բարօրության համար նրա ակտիվ աշխատանքի համար։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինդսորի ամրոցում»։
Արքայազնը մահացել է 99 տարեկանում։
Արքայազն Ֆիլիպը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է:
Զույգն ամուսնացել է 1947 թվականին, երբ թագուհին ընդհամենը 21 տարեկան էր, իսկ արքայազնը թագավորական նավատորմի սպա էր, ով սերում էր հունական և դանիական թագավորական ընտանիքներից։ Այսպիսով Ֆիլիպ Մաունթբաթենը դարձել է Էդինբուրդի դուքս արքայազն Ֆիլիպ։
Կարծիքներ