Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԱԹՍ-երի միջոցով վերահսկողություն է իրականացնում
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակում է իրականացնել հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների պահպանման վերահսկողության խնդիրներ:
Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուսաստանյան զինծառայողների կողմից իրականացվում է հրադադարի ռեժիմի հսկողությունը «Ֆորպոստ» և «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:
Կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից անընդհատ պատկերներ են ստանում, ապա վերլուծում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրում կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը:
Համատեղ կենտրոնի հերթափոխով իրականացվում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, ամփոփումը և ստուգումը: Դիտարկվում է ցանկացած բողոք ԼՂ հակամարտության կողմերից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան:
Կարծիքներ