Հաշմանդամություն ունեցող անձինք այսուհետ կարող են համակարգիչն աշխատեցնել աչքի թարթումով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամքի հաստատությունների, հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների և այլ կենտրոնների ավելի քան 70 մասնագետ այսօրվանից սկսել է ծանոթանալ առաջարկվող նոր տեխնոլոգիաներին, գործնականում կիրառել դրանք։ Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նորագույն տեխնոլոգիական միջոցները, որոնք հաշմանդամություն ունեցող անձին հնարավորություն են տալիս օգտվել համակարգչից 11 ստեղն ունեցող ֆունկցիոնալ ստեղնաշարի կամ պարզապես աչքերը թարթելու միոջոցով, արդեն իրականություն են:
Նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը` ապահովելու և խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ու վերականգնումը,: Իրենց կողմից ստեղծած սարքավորումները հայ գործընկերներին անձամբ ներկայացնելու նպատակով էլ այս օրերին Հայաստանում են «Кey2enable» կազմակերպության ներկայացուցիչները։
«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին և լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում հաշմանդամության ոլորտում: Վառ օրինակ է վերջերս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումն է` միջազգային չափանիշներին համապատասխան»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ օգոստոսի 2-ից 4-ն անցկացվող վերապատրաստման դասընթացները հնարավորություն կտան լիարժեք պատկերացում կազմել «Кey2enable» կազմակերպության կողմից ներկայացվող տեխնոլոգիաների մասին և դիտարկել դրանք Հայաստանում կիրառելու արդյունավետության և հնարավորությունների մասին։
Նախարար Մկրտչյանը խոսել է նաև նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների ու այլ ծրագրերի մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այսօր կայացած միջոցառումը կվերածվի բազմաթիվ կյանքեր փոխելու հնարավորության և իր նպաստը կբերի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միասնական ջանքերին։
Մի քանի գունեղ ստեղների միջոցով նախադասություններ գրելու, համակարգչով հեշտ ու մատչելի աշխատելու և խաղալու մասին մասնակիցներին պատմել է «Кey2enable» կազմակերպության ղեկավար և համահիմնադիր Ջոուզ Ռուբինգերը՝ նշելով, որ իրենց կողմից ստեղծված ներառական հարթակը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա ժամանակակից գործիքներն արդյունավետ օգտագործելու միջոցով հաղորդակցվել, սովորել և լիարժեք մասնակցել հասարակական կյանքին։
Բացման արարողությանը ելույթ են ունեցել նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթության գծով մասնագետ Ալվարդ Պողոսյանը ՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը նոր հնարավորություններ կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ինքնադրսևորվելու համար, կխթանի Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի և իրավունքների առաջխաղացումը։
Միջոցառումն իրականացվել է ԱՍՀՆ նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Կարծիքներ