Քննարկվել է ավագ դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ներդնելու հնարավորությունը

Քննարկվել է ավագ դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ներդնելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանի, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՏՀՏ գործատուների միության կողմից թվայնացված «Արհեստական բանականություն» դասընթացը հիբրիդային ձևաչափով ավագ դպրոցներում ներդնելու հնարավորության հարցը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության համար ԲՏՃՄ ուղղությամբ կրթության զարգացումն առաջնահերթություն է՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնելու նոր ծրագրեր և նախաձեռնություններ։ Նա շեշտել է, որ ՏՀՏ ոլորտում առկա են բազմաթիվ ծրագրեր, հետևաբար պետք է փորձել համադրել այդ ծրագրերը, խուսափել կրկնություններից և առկա ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ ու թիրախային։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է «Արհեստական բանականություն» դասընթացի նպատակներն ու գործիքները՝ ընդգծելով, որ այն մշակվել է աշխարհի լավագույն փորձի հիման վրա։ Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում կրթության հասանելիության ապահովման համար այն մշակվել է նաև առցանց ձևաչափով։

Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ դասընթացը երեք տարվա ծրագիր է՝ նախատեսված ավագ դպրոցների համար, ներառում է նաև թեստավորման մաս, ինտերակտիվ հարցեր և նախագծային աշխատանք։ Նրանք անդրադարձել են դասընթացի իրականացման համար դպրոցներում անհրաժեշտ պայմանների ապահովման և ուսուցիչների վերապատրաստման խնդիրներին։

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ ծրագիրը պետք է ներկայացվի ԿԶՆԱԿ՝ փորձաքննության համար, և դրական եզրակացության դեպքում երաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից։ Համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցը կարող է օգտագործել դասընթացը։ Փոխնախարարը նաև կարևորել է, որ դասընթացի բաղադրիչ է հանդիսանում նախագծային ուսուցումը, քանի որ նոր չափորոշչով՝ ավագ դպրոցներում այն դառնալու է պարտադիր։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում հեռավար ուսուցման փորձը, այն է՝ գյուղական համայնքներում ուսուցիչների պակասի հետ կապված մենթոր դպրոցների կողմից իրականացվող ծրագիրը և վերջերս Ասիական զարգացման բանկի հետ մշակված՝ հեռավար կրթության հարթակը, որն ինտեգրված է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին։

Փոխնախարարը ներկայացրել է նաև ԲՏՃՄ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր դպրոցները պետք է ապահովված լինեն լաբորատորիաներով։ Նա փաստել է, որ լրջագույն խնդիր է ԲՏՃՄ ուսուցիչների պակասի հարցը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ պետության իրականացրած քայլերը՝ մանկավարժական կրթության բարելավման գործիքներ, տվյալ առարկաների ուսուցիչների համար խրախուսման միջոցների անհրաժեշտություն և այլն։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստման, նոր չափորոշչով սահմանված «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասավանդման վերաբերյալ մի շարք հարցեր։

Կարևորելով ՏՀՏ բնագավառում տարբեր մեթոդաբանությամբ մոտեցումների կիրառումը՝ ԿԳՄՍ նախարարությունը նմանօրինակ համագործակցություն ունի նաև FAST հիմնադրամի հետ։ Նոր ծրագիրն ուղղված է ավագ դպրոցներում աշակերտների` արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում պատրաստվածության բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում