Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև
Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։
«Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։
Բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին։
Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից»:
Բանաձևն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։
Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար։
Բանաձևը նաև հանդես է գալիս Հայաստանին՝ որպես Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ