Լորան Վոքիեն դատապարտում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Լորան Վոքիեի հայտարարությունը․
«Մեր շրջանը սերտ կապեր ունի հայ համայնքի հետ։ Փաստացի, Ֆրանսիայի հայ համայնքի մեկ երրորդն ապրում է Օվերն-Ռոն-Ալպում։ 2016թ.-ից, Հայաստանի հետ շատ կարևոր համագործակցային աշխատանքների սկիզբ ենք դրել։ Դա, մասնավորապես, արտացոլվեց հիշողությանն առնչվող աննախադեպ ներդրմամբ, որպեսզի մեր ավագ դպրոցի սաներն իմանան Հայոց ցեղասպանության մասին իրականությունը։ Անցյալ տարվա հոկտեմբերին ես նաև այցելեցի Հայաստան՝ տնտեսական, զբոսաշրջային և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցային կապեր ստեղծելու նպատակով:
Այսօր Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններն ուղղակի սպառնալիք են հանդիսանում Հայաստանում խաղաղության համար և արդեն շատ տառապանք են պատճառել քաղաքացիական բնակչությանը։ Ես դա խստորեն դատապարտում եմ այն պարագայում, երբ Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչված են։ Վճռականորեն կոչ եմ անում ֆրանսիական իշխանություններին հրատապ կերպով զբաղվել այս հարցով՝ Բաքվից պաշտոնապես պահանջելով վերջ դնել իր ռազմական գործողություններին՝ հանուն պատմական դաշնակից Հայաստանի, որի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի խաղաղության և անվտանգության և հանուն Կովկասի, որը չպետք է խորասուզվի բռնության մեջ։
Եզրափակելով հիշեցնեմ, որ Օվերն-Ռոն-Ալպը միշտ կլինի Հայաստանի և Արցախի առաջնային գործընկերներից։ Կարող է հույս դնել մեր լիարժեք աջակցության վրա այս փորձության մեջ»։
Կարծիքներ