Հնէագետները հայտնաբերել են ամենահին «նկարը»
Հնէագետները հայտնաբերել են աշխարհին հայտնի ամենահին ժայռապատկերը՝ վայրի խոզի բնական չափի նկար, որն արվել է առնվազն 45 500 տարի առաջ՝ Ինդոնեզիայում: Գտածոն, որը նկարագրվում է Science Advances-ում, տարածաշրջանում մարդկային բնակեցման ամենավաղ ապացույցն է:
Ավստրալիայի Գրիֆիթ համալսարանից համահեղինակ Մաքսիմ Աուբերտը AFP-ին հայտնել է, որ պատկերը հայտնաբերվել է Սուլավեսի կղզում՝ 2017 թվականին:
Leang Tedongnge քարանձավը գտնվում է հեռավոր հովտում, որը շրջապատված է կրաքարային ժայռերով, մոտակա ճանապարհից մոտ մեկ ժամ քայլելու հեռավորությամբ: Այն հասանելի է միայն չոր եղանակին` անձրեւների ժամանակ ջրհեղեղների պատճառով:
Գորտնուկավոր խոզի 136 x 54 սանտիմետր չափի նկարը ներկված է մուգ կարմիր երանգով, կարելի է տեսնել սանրի տեսք ունեցող ցցված մազերը, ինչպես նաեւ այս տեսակի չափահաս արուներին բնորոշ դեմքի մի քանի գորտնուկները: Խոզի հետեւում կան երկու ձեռքի հետքեր, եւ, կարծես, նա նայում են երկու այլ խոզերի, որոնք միայն մասամբ են պահպանվել՝ որպես պատմական տեսարանի մի մաս:
Մարդիկ տասնյակ հազարավոր տարիներ որսացել են Սուլավեսիի գորտնուկավոր խոզերին, եւ դրանք տարածաշրջանում, հատկապես սառցե դարաշրջանում նախապատմական արվեստի կարեւոր առանձնահատկությունն են:
Կարծիքներ