Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է. Անդրանիկ Քոչարյան

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը համաձայնել է սկսել սահմանազատման նախապատարաստական աշխատանքները։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մանրամասնեց վարչապետի հայտարարությունը.

«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին և ՀՀ-ն տվել է համաձայնությունը՝ այդ աշխատանքները սկսելու համար»։
Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, որ սահմանազատման նախապատրաստման փուլի մասին առաջարկներ են ստացվել ՌԴ ՊՆ-ից ու ՀՀ-ն համաձայնություն է տվել։ Իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հավելեց, որ ՀՀ-ի կողմից համաձայնության մասին գրավոր ծանուցել են ՌԴ-ին։

Լրագրողների հարցին՝ թե ինչո՞ւ հանրությունը դրա մասին չգիտի և արդյո՞ք Փաշինյանը միանձնյա է որոշում կայացրել, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը նշեց, որ գաղտնիությունը խիստ կարևոր է.

«Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև դա առնչվում է սահմաններում տեղակայված ուժերի դասավորությանը այս պահին ևս, և դա պետք է արվի զգույշ, որպեսզի նոր կրակելու օջախներ չառաջանան»։

Էդուարդ Աղաջանյանը հավելեց, որ բովանդակության մասին վաղ է խոսել, խոսքը գնում է նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին, կան տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծվեն։

«ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն շահագրգռված է սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ ՀՀ-ն ընդունել է առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին։ Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բելեուց հետո, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին։ Ինչ վերաբերում է թաքուն ինչ-որ գործընթացներին, որոնք՝ ըստ ձեզ, ժողովրդի թիկունքում են տեղի ունեցել, չեմ հասկանում տրամաբանությունը։ ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետի, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված՝ այս գործընթացն օր առաջ սկսելու հարցում»,- ասաց Աղաջանյանը։

Խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ անդրադարձավ «գաղտնի բանակցությունների» մասին ու նշեց, որ նման հարցերում գաղտնիություն պետք է։

«Դուք գիտե՞ք պրակտիկայում նման դեպք, երբ այս բնույթի բանակցությունները տեղի են ունենում հանրային։ Պետք է հասկանանք ինչ իրավիճակի, նրբությունների հետ գործ ունենք։ Գործ ունենք մարդկային կյանքերի, լարված իրավիճակի հետ և ցանկացած քննարկման դրվագ կարևոր է, որ դրանք չխաթարվեն»։

Պատգամավորը հիշեցրեց, որ նախադեպ եղել է, երբ փաստաթղթի արտահոսք է եղել, դրանք առանց այդ էլ բարդ գործընթացի վրա ծանր հետևանք են ունենում։

«Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում կան խմբակներ, որոնք գործընթացները խաթարելու համար են։ Դրա համար նման բանակցությունները գաղտնի են լինում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում