Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը
Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մարտի 23-ին մեկնարկել է պրեմիերաներով. բացման համերգին առաջին անգամ հնչել են Էլեն Յոլչյանի «Գրեյս» ստեղծագործությունը բարիտոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Գևորգ Գինոսյան և Մարտին Ուլիխանյանի «Հայկական սիմֆոնիկ պարերը»։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
«Այն հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է և 2010 թվականին հիﬓադրվեուց ի վեր անշեղորեն հետևում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանման ու ճանաչման ընդլայնման իր առաքելությանը:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցաբար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նախ և առաջ հայ դասական երաժշտության ﬕջոցով ինքներս ﬔզ և աշխարհին ավելի ճանաչելի դառնալու հնարավորություն է։ Փառատոնի առաքեությունների ﬔջ կարևոր տեղ է զբաղեցնում ինչպես հայ կոմպոզիտորների ժառանգության ներկայացումը, այնպես էլ պահպանումը գալիք սերունդների համար։ Փառատոնի բովանդակությունը հարստացվել է մոտ 80 հայ կոմպոզիտորի ավելի քան 200 ստեղծագործությամբ, թվայնացվել են ﬕ քանի տասնյակ արժեքավոր պարտիտուրներ, որոնց ﬔջ ﬔծ թիվ են կազﬔլ նաև մոռացության մատնված կամ կորսվելու վտանգի տակ հայտնված գործերը։
«Մարտին Ուլիխանյանն իր ստեղծագործությունը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Հեղինակը նշում է, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գաղափարն էր ստեղծել սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հիմնված հայկական պարերի վրա` Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերի» օրինակով։ Ստեղծագործությունը բաղկացած է վեց մասից՝ «Պարի ծագումը», «Շորոր», «Յարխուշտա», «Բերդ», «Լալիք», «Քոչարի», որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Վարդան Աճեմյանի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Հեղինակը նշում է, որ Կոնցերտն առաջին անգամ ներկայացվել է 2006 թվականին իր 50-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում։ Կոմպոզիտորը խոստովանում է, որ այն իր ամենասիրած գործերից է։ Ստեղծագործությունը նա նվիրել է դստերը՝ դաշնակահարուհի Արուս Աճեմյանին։ Վերջինս էլ դաշնամուրային այս կոնցերտը կատարեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի բացման համերգին»,- հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
Նշվում է, որ փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 26-ին։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի Սիմֆոնիկ պոեմ ստեղծագործության պրեմիերան։ Ծրագրում կհնչեն նաև Մարտին Վարդազարյանի «Ահեղ մարտերի անմեղ զոհերին» սիմֆոնիան և Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում՝ armsymphony.am։
Կարծիքներ