Արցախում կորոնավիրուսով վարակված անձանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր

Արցախում կորոնավիրուսով վարակված անձանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 6-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված 46 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ․ նրանցից 6-ի վիճակը ծանր է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Համավարակի դեմ պայքարում առաջին կարևոր ձեռքբերումն ունենք: Երեկ (օգոստոսի 5-ի դրությամբ – խմբ․) 183 թեստավորված քաղաքացիներից ոչ մեկի մոտ COVID 19-ով վարակման դեպք չի հայտնաբերվել: Սա, իհարկե, հետևողական աշխատանքի արդյունք է, բայց չի նշանակում, որ պետք է թուլացնենք մեր զգոնությունը»,- նշել է Հարությունյանը: 

Նա տեղեկացրել է, որ պարետատան այսօրվա խորհրդակցության ժամանակ հանձնարարել է փոքր-ինչ մեղմացնել ներքին սահմանափակումները, օրինակ՝ 20 հոգու փոխարեն մարդկանց հնարավորություն կտրվի բաց տարածքում ընտանեկան տոնախմբությունները կազմակերպել 60 հոգով, իհարկե, պահպանելով պարետի կողմից սահմանված կանոնները։

«Մեր հարազատների կյանքից թանկ ոչինչ չկա: Հատկապես փակ տարածքներում դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը դարձրեք ձեր կենսակերպի պարտադիր մաս: Միայն միասնական ջանքերով կարող ենք վերաբացել կրթօջախները, վերականգնել կյանքի բնականոն ընթացքը»,- գրել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում