Ճապոնիան արտակարգ դրության ռեժիմ չի սահմանի, չնայած կորոնավիրուսով վարակվածների թվի աճին
Ճապոնիայի կառավարությունը մտաիդր չէ կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանել, չնայած երկրի մի շարք տարածաշրջաններում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի միտումին: Այդ մասին հուլիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան՝ տեղեկացնում է TASS-ը։
«Վարակումների թվի աճը շարունակվում է առաջին հերթին Տոկիոյում: Դա տեղի է ունենում այդ թվում ակումբների ու գինետների հետ կապված աշխատանք ունեցող մարդկանց ակտիվ թեստավորման պատճառով։ Սակայն նոր դեպքերի 80 տոկոսն արձանագրվում է երիտասարդների շրջանում:
Հիվանդանոցներում հիվանդների թվի աճը նկատելի է, սակայն ծանր վիճակով մարդիկ քիչ են, ուստի մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակն արտակարգ դրության կրկնական սահմանում չի պահանջում»,- ասել է նա:
Հուլիսի 16-ին Ճապոնիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու՝ երեք ամսվա ընթացքում ռեկորդային աճ (624): Նախորդ ռեկորդները՝ 644 և 720, սահմանվել էին համապատասխանաբար ապրիլի 10-ին և 11-ին:
Ըստ որում Տոկիոյում երկրորդ օրն անընդմեջ բժիշկներն առավելագույն թվով վարակումներ են հայտնաբերում համավարակի ամբողջ ընթացքում: Բացի մայրաքաղաքից, համանման իրադրություն է հարևան Կանագավայի, Սայտամայի և Տիբայի պրեֆեկտուրաներում, ինչպես նաև արևմտյան Օսակայում: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղևորներն ու անձնակազմը, գերազանցել է 24 հազարը: Մահացել է 998 մարդ։
Կարծիքներ