ԼՂ բնակչությանը հրատապ անհրաժեշտ են մարդասիրական օգնություն և անվտանգության երաշխիքներ. Բորել
Ադրբեջանը պատասխանատու է ապահովել լիարժեք հարգանք` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության նկատմամբ:
ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ նիստին այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը` հիշեցնելով` Եվրամիությունը բազմիցս հստակորեն ընդգծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ: ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության և մարդկային կորուստների համար:
«ԵՄ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին, և ես իմ ամբողջական համերաշխությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք ապրում են ընդգծված դժվարությունների ժամանակաշրջանում: Նրանք ամիսներ շարունակ մեկուսացած են եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Այնտեղ սննդամթերքի և դեղորայքի անբավարարություն է: Մարդկանց տեղաշարժի ազատությունը սահմանափակված է եղել: Նրանք նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման բազմաթիվ ընդհատումներ են ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Բորելը տեղեկացրեց, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել հրադադարի մասին հայտարարությունները և ակնկալում է, որ ռազմական գործողությունները կամ որևէ տեսակի բռնություն չեն վերսկսվի: Նրա խոոսքով՝ Ղարաբաղի բնակչությանը հրատապ անհրաժեշտ են մարդասիրական օգնություն և երաշխիքներ, որ կհարգվեն նրանց իրավունքներն ու անվտանգությունը:
«Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին կոնկրետ քայլեր ձեռնարկել: Առաջին՝ ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիություն կարիքի մեջ գտնվող քաղաքացիական բնակչության համար, այդ թվում՝ լիարժեքորեն բացելով Լաչինի միջանցքը: Կարևոր է, որպեսզի մարդասիրական կառույցները կարողանան ընդլայնել իրենց գործունեությունը, ինչն անհրաժեշտ է ներկա իրավիճակում: ԵՄ անդամ պետությունները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել, և այսօր Եվրահանձնաժողովը հայտարարել է մարդասիրական օգնության առաջին փաթեթի մասին կարիքավոր մարդկանց օգնելու նպատակով»,- նշեց կառույցի փոխնախագահը։
Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ անհրաժեշտ է համապարփակ և թափանցիկ երկխոսություն ծավալել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ իրենց տներում արժանապատվորեն ապրելու իրավունքը:
«Ի գիտություն ենք ընդունում, որ այս հարցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել: ԵՄ-ն լիովին սատարում է Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ակնկալելով, որ բոլոր սուբյեկտները նույնը կանեն: Ադրբեջանին կոչ ենք անում վերահաստատել իր աներկբա հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և համաձայնել սահմանազատմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի տառին և ոգուն համահունչ: ԵՄ-ն նաև կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր հարցերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր: Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել կողմերի երկխոսությանը, որպեսզի ձեռք բերվի համապարփակ և մնայուն խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- եզրափակեց Բորելը:
Կարծիքներ