ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ. վարչապետ
«Ընդհանրապես մեր կարծիքը հետևյալն է, որ ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում»:
Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԼՂ իշխանությունը քննադատում է ՀՀ քաղաքականությունը և դիրքորոշումը՝ կապված ԼՂ ապագայի հետ: Մոտեցումների տարբերության ֆոնին հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններից ԼՂ հարցը ընդհանրապես դուրս գա:
Հստակեցնելով միտքը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով միջազգային մեխանիզմի շրջանակներում:
«Կարծում եմ, որ ԼՂ ներկայացուցիչները, ժողովուրդը, Կառավարությունն այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը և ոչ միայն հարցեր առաջադրել և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»,- ընդգծեց վարչապետը:
Կարծիքներ