Հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ

Հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրության մեջ ասված է․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հինգշաբթի՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված հանձնառությունը սահմանների ճանաչման վերաբերյալ Ալմա-Աթայի հռչակագրին: Նրանք վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ իրենց ստանձնած բոլոր պարտավորություններին, մասնավորապես՝ հնարավորինս կարճ ժամկետներում ազատ արձակել ռազմագերիներն: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Վերջում կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել զերծ մնալ թշնամական ցանկացած հռետորաբանությունից և շեշտել խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում