Միացյալ Նահանգները երկխոսություն է վարում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու շուրջ
ԱՄՆ իշխանությունները Ուկրաինայի հետ անընդհատ քննարկում են նրա ինքնապաշտպանության կարիքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Հերթական ճեպազրույցում նրան հարցրել են, թե ինչու ԱՄՆ-ը չի կարող կամ չի պատրաստվում Ուկրաինային զենիթային կամ հականավային հրթիռներ վաճառել։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Ուկրաինային և հոգալ նրա կարիքները ինքնապաշտպանության առումով: Սա նաև մշտական երկխոսության առարկա է մեր ուկրաինացի գործընկերների հետ այն մասին, թե ինչի կարիք ունեն, ինչով կարող ենք օգնել նրանց»,- պատասխանել է Քիրբին՝ հրաժարվելով մանրամասնել։
2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները 2,5 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, այդ թվում միայն այս տարի՝ ավելի քան 400 միլիոն դոլար։ Վաշինգտոնը զենք է մատակարարում Կիևին և հրահանգիչներ է ուղարկում զինվորականներին պատրաստելու համար։ 2017 և 2018 թվականներին Ուկրաինային ռազմական օգնության շրջանակներում հատկացվել է 350 միլիոն դոլար, 2019 թվականին՝ 250 միլիոն դոլար, 2020 թվականին՝ 300 միլիոն դոլար: Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել ոչնչացման զենքի վաճառքին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ուկրաինական տարածք զենքի և զինտեխնիկայի մատակարարումը կարող է Կիևին մղել երկրի հարավ-արևելքում հակամարտությունը ուժով լուծելու փորձերի։
Կարծիքներ