Հայտնի է, թե ԱԱՏՄ ղեկավարի պաշտոնի համար ում թեկնածությունը կներկայացվի վարչապետին

Հայտնի է, թե ԱԱՏՄ ղեկավարի պաշտոնի համար ում թեկնածությունը կներկայացվի վարչապետին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը:

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Օրակարգի գլխավոր հարցը տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածության առաջադրումն էր: Խորհուրդը ներկայացրել է Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը, ով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր և 2022 թվականի նոյեմբերից ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

6 ամսվա աշխատանքների մասին Սլավիկ Սարգսյանի ամփոփ հաշվետվությունը լսելուց հետո, նրա բացակայությամբ, նորից մանրամասն քննարկվել է իր թեկնածությունը, որից հետո խորհուրդը միաձայն որոշում է կայացրել վարչապետին ներկայացնել Սլավիկ Սարգսյանի Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը:

«Ցանկացած օրենք, որոշում որքան էլ որ ընդունելի լինի հասարակության կողմից, լայն կիրառություն չի ստանա ու լավ արդյունք չի տա, եթե չկա բավարար վերահսկողություն: Ուստի շատ կարևոր է տեսչական մարմնի տեղին և ադեկվատ վերահսկողությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ու Սլավիկ Սարգսյանին հորդորել մեկ ամսվա ընթացքում գրավոր քարտեզագրել ու տեսչական մարմնի խորհրդին ներկայացնել առաջիկա անելիքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում