Նիկոլ Փաշինյանը կարևորել է 3+3 ֆորմատով հանդիպումները

Նիկոլ Փաշինյանը կարևորել է 3+3 ֆորմատով հանդիպումները

Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային 3+3 ֆորմատով հանդիպումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցի ընթացքում՝ նշելով, որ այդ ձևաչափով հիմնադիր հանդիպմանը նաև որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: «Մենք պատրաստ ենք շարունակել այդ ֆորմատում աշխատանքը և, իմիջիայլոց, ասեմ, որ նաև կարևորում ենք: Ինչո՞ւ ենք կարևորում, որովհետև այնպես չստացվի, և սա մեզ համար երբեմն կրկնվող պրոբլեմ է, որ մենք տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում, և չենք քննարկում այս տարածաշրջանում, որովհետև, այնուամենայնիվ, հասկանում ենք, իհարկե, միջազգային հանրությունը, մեր գործընկերությունը բոլոր գործընկերների հետ շատ կարևոր է, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի մեր տարածաշրջանում, թե մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք, այսպես ասած, քամահրական վերաբերմունք: Ոչ, ամենևին այդպես չէ, և ընդհակառակը, մեր արտաքին քաղաքականության նրբություններից մեկն այն է, որ կարևորում ենք հենց տարածաշրջանային հարաբերությունները՝ դրանք դուրս չդնելով միջազգային հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից»,-նշեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ժամանակին նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում:

«Մենք պատրաստ ենք, իհարկե, դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Նախ՝ հանդիպումները գոնե մինչև այս պահը տեղի են ունեցել Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաև պետք է ճշգրտվի, թե ինչպիսի՞ն է կողմերի ընկալումը, ի՞նչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը»,-ընդգծեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն այդ ֆորմատում ընդգրկվել է և մինչև այս պահը չի եղել այնպիսի մի դեպք, որ այդ ֆորմատով քննարկումները հետաձգվեն կամ տեղի չունենան հայկական կողմի պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում