Ի՞նչ հնարավորություն է ապահովում հարկ վճարողների համար նոր համակարգը

Ի՞նչ հնարավորություն է ապահովում հարկ վճարողների համար նոր համակարգը

Հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգը հարկ վճարողների համար ապահովում է հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման առավել պարզեցված և համակարգված գործընթաց։

 

Ինչպե՞ս է իրականացվում հարկային պարտավորությունների հաշվառումը

 

Նոր համակարգում հարկ վճարողների հարկային պարտավորությունները և դեբետային գումարներն էլեկտրոնային եղանակով հաշվառվում են երկու տարբեր անձնական հաշվի քարտերում՝

հարկատեսակների անձնական հաշվի քարտում.

վարչական ակտի անձնական հաշվի քարտում:

Այսինքն՝ իրականացվում է հարկային պարտավորությունների և դեբետային գումարների առանձնացված հաշվառում՝ հարկատեսակների և վարչական ակտի անձնական հաշվի քարտերի միջոցով։

 

Ո՞ր պարտավորություններն են հաշվառվում հարկատեսակների անձնական հաշվի քարտում

 

Հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառվում են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները: Հարկային պարտավորություններն ու դեբետային գումարները հաշվառվում են հարկային հաշվարկների ներկայացման օրով:

 

Ո՞ր պարտավորություններն են հաշվառվում վարչական ակտի անձնական հաշվի քարտում

 

Վարչական ակտի անձնական հաշվի քարտում հաշվառվում են հարկային մարմնի կողմից կազմված վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորություններն ու դեբետային գումարները՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը:

 

Ինչպե՞ս են հաշվառվում հարկային պարտավորությունների ճշտումները

 

Ճշտված հարկային հաշվարկների ներկայացման դեպքում` հարկային պարտավորությունների ճշտումները հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառվում են ճշտված և նախորդ հաշվարկներում արտացոլված գումարների տարբերության չափով (դելտայով)։

 

Ինչպե՞ս է իրականացվում ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի հաշվանցումը

 

ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումն (պակասեցումը) իրականացվում է ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե այդ ներմուծման համար փաստաթղթերը ներկայացվել են հարկային մարմին և ԱԱՀ-ի գումարները վճարվել են ներմուծման ամսում։

 

Ինչպե՞ս է կատարվում հարկատեսակների անձնական հաշվի քարտի հարկային պարտավորությունների մարումը

 

Հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորություններն ինքնաշխատ եղանակով մարվում են հարկի կամ վճարի վճարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետում։

 

Կարո՞ղ է արդյոք հարկ վճարողն ընտրել հարկատեսակների անձնական հաշվի քարտի պարտավորությունների մարման առաջնահերթություն

 

Մինչև հարկի կամ վճարի վճարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ հարկ վճարողը` իր ցանկությամբ, կարող է մարել հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորությունները, որոնց վճարման վերջնաժամկետները դեռ չեն լրացել: Տվյալ դեպքում հարկ վճարողի կողմից կիրառված համապատասխան ծրագրային հրահանգի միջոցով մարվում են հարկային պարտավորությունները` հարկ վճարողի կողմից ընտրված հերթականությամբ:

 

Ինչպե՞ս են մարվում հարկատեսակների անձնական հաշվի քարտի ԱԱՀ-ի և ակցիզային հարկերի պարտավորությունները

 

Հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի մասով հարկային պարտավորությունները նախևառաջ մարվում են հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված՝ համապատասխանաբար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող (դեբետային) գումարներից, այնուհետև՝ միասնական հաշվում առկա գումարներից։

 

Կարող են արդյո՞ք ռիսկային համարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներն ուղղվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունների մարմանը

 

Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որոնք Կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխան համարվում են ռիսկային, կարող են ուղղվել հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված` համապատասխանաբար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի պարտավորությունների մարմանը:

 

Ո՞ր դեպքում կարող են ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները մուտքագրվել միասնական հաշվին

 

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որոնք Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան համարվում են ռիսկային, միասնական հաշվին կարող են մուտքագրվել հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում:

 

Այն դեպքում, երբ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան չեն համարվում ռիսկային, միասնական հաշվին մուտքագրումը կատարվում է․

ինքնաշխատ` դրանց վճարման համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետում,

կամ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգ կիրառելու միջոցով` մինչև օրենսգրքով սահմանված վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ։

Ինչպե՞ս է իրականացվում ռիսկային համարվող ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին

 

Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ՀՀ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվելու դեպքում՝ միասնական հաշվին կարող են մուտքագրվել, եթե հարկ վճարողը դիմում է (դիմումի ձևը և լրացման կարգը) ներկայացնում հարկային մարմին և հարկային մարմնի ուսումնասիրությամբ այն համարվում է հիմնավորված:

 

Ինչպե՞ս է կատարվում վարչական ակտի անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորությունների մարումը

Վարչական ակտի անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորությունները մարվում են վարչական ակտի միասնական հաշվից՝ ինքնաշխատ եղանակով:

 

Ո՞ր միասնական հաշիվներին են կատարվում հարկային պարտավորությունների մարման համար վճարումները

 

Հարկատեսակների անձնական հաշվի քարտում հաշվառված հարկային պարտավորությունների մարման համար վճարումը կատարվում է գործող՝ 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։

Վարչական ակտի անձնական հաշվի քարտում հաշվառված վարչական պարտավորությունների մարման համար վճարումը կատարվում է 2025 թ. հունվարի 1-ից գործող` 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին։

 

Ինչպե՞ս է իրականացվում 2025թ. հունվարի 1-ի դրությամբ առկա հարկային պարտավորությունների մնացորդների հաշվառումը

 

2025 թ․ հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հաշվառված և չկատարված հարկային պարտավորություններն ու դեբետային գումարները հաշվառվում են․

վարչական ակտի անձնական հաշվի քարտում՝ վարչական ակտերով առաջադրված պարտավորությունների մասով,

հարկատեսակների անձնական հաշվի քարտում՝ հարկային պարտավորությունների (բացառությամբ՝ վարչական ակտերով առաջադրված պարտավորությունների) ու դեբետային գումարների մասով։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված՝ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը գործարկվել է 2025 թվականի հունվարի 1-ից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում