Ջրականի գումարտակի նախկին հրամանատարը մեղավոր ճանաչվեց

Ջրականի գումարտակի նախկին հրամանատարը մեղավոր ճանաչվեց

44-օրյա պատերազմում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանատարի լիազորությունները չարաշահելու համար:

Երևանի քրեական դատարանի այսօրվա վճռով, նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է պատժին հաշվակցել նրա անազատության ավելի քան 4 տարին, և նա ազատազրկված կմնա 11 տարի 10 ամիս:

Դատավճռով նաև լրացուցիչ պատիժ է նշանակվել. Վահանյանը զրկվել է մայորի կոչումից: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավորը պարզաբանել է, որ վճիռը կարող է բողոքարկվել: Մինչև այդ, հանրային մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում, տուժող կողմն ավելի խիստ պատիժ էր պահանջում:

Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութի Խուռհատ սարի վրա մարտի ընթացքում վիրավորում ստանալու պատրվակով լքել էր մարտի դաշտը՝ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը: Հրամանատարի այդ գործողությունների հետևանքով նորակոչիկների մի մասը զոհվել էր, մի մասը՝ գերեվարվել, որոշների գտնվելու վայրն առայսօր անհայտ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում