«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին ավելի քան 1.5 ժամ է՝ չեն թույլատրում մտնել Ստեփանակերտ. 168 Ժամ
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», այսօր ԱԺ-ում հայտարարեցին, որ բոյկոտում են ԱԺ նիստերը և մեկնում Արցախ:
168.am-ի տեղեկություններով՝ մոտ 1.5 ժամ է, ինչ պատգամավորները Աղավնոյի անցակետում են, և նրանց չի թույլատրվում մտնել Ստեփանակերտ:
«Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունների՝ Արցախ մեկնելու մասին հայտարարություններից հետո ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կոչով հանդես եկավ.
«Տորպեդահարման ակտիվ փորձ է խաղաղության օրակարգը ամրապնդելուն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերին։ Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքները և աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է ՀՀ-ի և Արցախի ղեկավարության միջև իրականացվող գործընթացներում։ Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։ Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկրի լինելիության հարցն է դրվելու վտանգի տակ, պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից պարզել՝ ուր են տանում այս գործողությունները»,- հայտարարել էր Արսենյանը։
Նշենք, որ ադրբեջանական կողմը Գուրգեն Արսենյանի և մյուս ՔՊ-ականների պես բուռն էր արձագանքել Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժերի պատգամավորների այս մտադրությանը և զգուշացրել, որ «անկոչ հյուրերի իրենց տարածքում» չեն սպասում:
Մեր տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ որևէ կերպ կապվել չի հաջողվում, հավանաբար հեռախոսն անջատել է, անհասանելի է: Իսկ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ փորձում են խնդիրը հասկանալ:
Հ․Գ․ Քիչ հետո Հայաստանի պատգամավորներին կմոտենան Արցախի խորհրդարանի որոշ պատգամավորներ՝ հասկանալու համար՝ ինչպես կարգավորեն խնդիրը»,֊ գրում է կայքը:
Կարծիքներ