Ժան-Բատիստ Լըմուանը Երեւանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

Ժան-Բատիստ Լըմուանը Երեւանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խնդրանքով Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների եւ ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երեւանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունից։

2019 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ն ընդգրկվեց հանրապետական տոնակատարությունների օրացույցում:

Այս տարի կառավարության անդամի մասնակցությունը ոգեկոչման արարողություններին հատկապես կարեւոր է, քանզի 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:

Այցի շրջանակում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի եւ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում