Գնել Սանոսյանը մի խումբ դեսպանների ներկայացրեց Սիսիան-Քաջարան հատվածի ներդրումային ծրագրի մանրամասները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ, Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ 4 (Սիսիան-Քաջարան հատված) շրջանակներում կայանալիք մրցույթի մանրամասները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նշված հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (այդ թվում՝ Բարգուշատի թունելը, որի երկարությունը կկազմի շուրջ 8.7 կմ):
Բացման իր խոսքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ օրեր առաջ նախարարությունը հայտարարել է մրցույթի նախաորակավորման փուլը, և 70 օր կսպասեն տարբեր շինարարական կազմակերպությունների կողմից հայտերի:
« Հայաստանի համար ճանապարհի այս հատվածի կառուցումը և՛ ռազմավարական, և՛ տնտեսական, և անվտանգության առումով չափազանց կարևոր է: Սա բավականին մեծ և հետաքրքիր ծրագիր է՝ բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական լուծումներով: Իր տեսակով բավականին բարդ ու հետաքրքիր ճանապարհահատված է լինելու: Մենք խնդրում ենք ձեր աջակցությունը, որպեսզի ծրագրի մասին հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանցեք ձեր երկրներում գործող խոշոր շինարարական ընկերություններին, որպեսզի նրանք մասնակցեն այս մրցույթին: Մեր նպատակն է, որ կարողանանք ներգրավել բազմափորձ և հզոր կարողություններ ունեցող ընկերություններ, որպեսզի կարողանանք և՛ ժամանակային առումով, և՛ որակական առումով ծրագիրը պատշաճ կերպով կազմակերպել»,- ասաց Սանոսյանը:
Միջոցառման ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլայանը ներկայացրեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիրը, այնուհետև ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գնումների բաժնի պետ Հասմիկ Բարխուդարյանն իր հերթին ներկայացրեց շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարվելիք մրցույթի մանրամասները:
Կարծիքներ