Թուրքիայի պատճառով հետաձգվում է ԱՄՆ-ից 100տ հումանիտար օգնության փոխադրումը ՀՀ
ԱՄՆ-ից հայ համայնքի ջանքերով Արցախին ու Հայաստանին 100 տոննա հումանիտար օգնություն է հավաքվել, որի տեղափոխումը հետաձգվում է Թուրքիայի պատճառով, հայտարարել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա նշել է, որ օժանդակությունը Թուրքիան թույլ չի տալիս ՀՀ հասցել իր օդային տարածքով։
Սինանյանը նշել է, որ ՌԴ-ից ամեն օր նաև ցամաքային ճանապարհով մարդկասիրական օգնություն է գալիս ՀՀ։ Ըստ նրա՝ կան օգնության տեսակներ, որոնք այժմ Հայաստանին անհրաժեշտ չեն, ներուժն ավելի նպատակային կիրառելու համար նա առաջարկել է կապ հաստատել իր գրասենյակի հետ։
Սինանյանը կարևորել է ԱՄՆ-ից, Եվրոպայից ՀՀ եկած բժիշկների աշխատանքը՝ նշելով, որ վիրավորների թիվը մեծ է, իսկ այդ պարագայում՝ որքան շատ օգնություն ստանան, այնքան լավ։
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի խոսքով՝ կարևոր է նաև հայ համայնքերի դերն աշխարհում ԼՂ հակամարտության մասին ճիշտ ու ամբողջական տեղեկություն տալու համար։ Նա շնորհակալություն է հայտնել սփյուռքահայերին ինքնաբուխ քայլերի ու ակցիաների համար ու կարևորել դրանց նշանակությունը։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հայաշատ մի շարք երկրներում, մասնավորապես` ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ուշադրություն հրավիրելու ընթացող պատերազմի վրա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Կարծիքներ