Հայաստանը կենսունակություն է հաղորդում ՀԱՊԿ-ին
Տարեսզկբին Ղազախստանում մեկնարկած ցույցերը հաշված օրեր անց վերաճեցին արյունալի բախումների և ահաբեկչական դրսևորումների։ Ղազախստանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից ժամեր անց Հայաստանը որպես ՀԱՊԿ նախագահող երկիր նախաձեռնեց ՀԱՊԿ մեխանիզմները օպերատիվ կարգով գործի դնելու և Ղազախստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Շուրջ երեք տասնամյակ գործող կառույցը առաջին անգամ հայտարարություններից զատ գործարկեց իր մեխանիզմները, այս պարագայում՝ խաղաղարար զորախմբի միջոցով կայունացնելու Ղազախստանում իրավիճակը և համատեղ պայքար մղելու ահաբեկչության դեմ։ Հատկանշական է, որ Հայաստանը որպես նախագահող երկիր առաջին իսկ դիմումի հիման վրա անմիջապես նախաձեռնեց անդամ երկրների հետ խորհրդակցություններ և որոշում կայացվեց շուրջ 4000 հազար խաղաղապահների տեղակայել Ղազախստանում։ Տարիներ շարունակ կանոնադրությամբ գոյություն ունեցող կազմակերպությունը ոչ միայն միջազգային հանրության այլև հենց անդամ երկրների հանրությունների մոտ ընկալվում էր որպես ձևական բնույթ ունեցող կազմակերպություն, որը 30-ամյա գործունեության ընթացքում որևէ դրվագով չէր ցուցադրել իր կենսունակությունը, չնայած նրան, որ դրա ապացուցելու առիթներ բազմիցս եղել են։
Հայ-ադրբեջանական սահմանին տասնամյակներով կրկնվող ադրբեջանական ոտնձգությունների և դիվերսիոն ներթափանցումների, վերջին մեկ տարում Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակահատվածում, ՀԱՊԿ-ը սահմանափակվում էր բացառապես «իրավիճակին հետևելու», «կողմերին զսպվածության կոչ անելու» հայտարարություններով, ինչն էլ իր հերթին տրամաբանական ընկալում էր ձևավորել այդ կազմակերպության արդյունավետության և կենսունակության մասով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղազախստանի նախագահի դիմումին արագ արձագանքելը և դրան հաջորդած խաղաղարար զորախմբի տեղակայումը այլ կերպ ասած փրկեց ՀԱՊԿ-ի իմիջը վերջնական խայտառակումից։ Նման իրավիճակում հապաղումը և խորհրդակցությունների միջոցով հստակ քայլերի ձգձգումը մի կողմից հանգեցնելու էր Ղազախստանում իրավիճակի ամբողջովին վերահսկողությունից դուրս գալուն և հարյուրավոր նոր զոհերի, մյուս կողմից հերթական անգամ փաստելու, որ հետխորհրդային երկրների ստեղծած անվտանգային կազմակերպությունը ունակ չէ կատարելու պայմանագրով նախատեսված պարտավորությունները։ Հայաստանը իր քայլով ցույց տվեց, որ ահաբեկչական և արտաքին ագրեսիայի ենթարկված գործընկեր երկրին աջակցություն ցուցաբերելու հարցում ժամ անգամ հապաղելը հղի է տարածաշրջանային ապակայունացնող հետևանքներով։ Մյուս կողմից վարչապետ Փաշինյանը, նման պատասխանատու որոշում կայացնելով, նախադեպ է ստեղծում, որ հետագայում նույն օպերատիվությամբ գործընկերներ երկրները պարտավոր են արձագանքել Հայաստանին սպառնացող ցանկացած ագրեսիայի նկատմամբ։
Կարծիքներ