ԵՄ-ում պառակտում է առաջացել «Սպուտնիկ V»-ի մատակարարումների պատճառով. Le Monde
ԵՄ երկրների ղեկավարների կարծիքները բաժանվել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի մատակարարման շուրջ: Գերմանացի քաղաքական գործիչները բազմիցս հանդես են եկել դեղամիջոցի օգտին, Իտալիան և Ավստրիան մտադիր են սպասել եվրոպական կարգավորիչի որոշմանը, իսկ Ֆրանսիան դեմ է ռուսական պատվաստանյութի մատակարարմանը, հաղորդում է Le Monde-ը:
Ըստ պարբերականի աղբյուրների, առաջիկայում Եվրահանձնաժողովը բանակցություններ կսկսի Ուղղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի (ՈՒՆՌՀ) հետ, որը «Սպուտնիկ V»-ն մատակարարում է արտերկիր: Մի քանի երկրներ, առաջին հերթին Գերմանիան, ակտիվորեն հանդես են գալիս Ռուսաստանից պատվաստանյութերի մատակարարման օգտին, գրում է պարբերականը:
Մասնավորապես, բարձրաստիճան գերմանացի քաղաքական գործիչները, հիմնականում երկրի արևելյան հատվածից, հանդես են եկել Ռուսաստանի հետ համագործակցության օգտին: Ավստրիան արդեն բանակցում է ամենաբարձր մակարդակով՝ իր տարածքում պատվաստանյութի արտադրության գործարան բացելու շուրջ, գրում է պարբերականը: Չնայած դրան, Վիեննան սպասում է Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) թույլտվությանը: Պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել նաև Իտալիայի որոշ շրջաններ, սակայն կենտրոնական իշխանությունները դեռևս որևէ գործողություն չեն ձեռնարկել «Սպուտնիկ V»-ի մատակարարման համար:
Միևնույն ժամանակ, ֆրանսիացի քաղաքական գործիչները ակտիվորեն դեմ են ռուսական պատվաստանյութին, գրում է Le Monde-ը: Օրինակ, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանն ասել է, որ պատվաստանյութը ոչ թե բժշկական օգնություն է, այլ «քարոզչության և ագրեսիվ դիվանագիտության միջոց»:
Կարծիքներ