Պոմպեոն COVID-19-ի մասին զեկույցի հրապարակումից հետո ԱՀԿ-ին մեղադրել է ապատեղեկատվության մեջ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ում քննադատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը կորոնավիրուսի ծագման մասին և դրա հեղինակներին մեղադրել չինական «ապատեղեկատվական արշավին» աջակցելու մեջ:
«Ահա թե ինչու եմ ես ԱՄՆ-ին խորհուրդ տվել լքել ԱՀԿ-ն», – հավելել է նա:
Դիվանագետի կարծիքով՝ COVID-19-ի ամենահավանական աղբյուրը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտն է: Պոմպեոն նաև ենթադրել է, որ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը համագործակցում է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ, որպեսզի իբր օգնի չինացի առաջնորդին թաքցնել վիրուսի տարածման մասին ճշմարտությունը:
Գեբրեյեսուսի և Սի Ցզինպինի միջև «դավադրության» ապացույցներ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը չի տրամադրել:
ԱՀԿ-ն երեքշաբթի հրապարակել է կորոնավիրուսի ծագումը պարզելու նպատակով Ուհան կատարած այցի մասին կազմակերպության փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը, որում COVID-19-ի արտահոսքը լաբորատորիայից անվանել է «չափազանց քիչ հավանական»:
Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ մասնագետները չեն գտել վիրուսի աղբյուրը և կոչ է արել շարունակել դրա որոնումը: Այնուամենայնիվ, ինչպես հետևում է զեկույցից, կորոնավիրուսը կարող էր մարդուն փոխանցվել չղջիկներից մեկ այլ կենդանու միջոցով:
Կարծիքներ