Փոփոխություն դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգում

Փոփոխություն դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգում

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է 2023 թվականի մարտի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 259-Ն որոշման փոփոխությունը:

Լրամշակումները կատարվել են՝ հաշվի առնելով գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացերը, ինչպես նաև որոշ ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը:

Ըստ ներկայացված հիմնավորման՝ կատարված փոփոխություններով հստակեցվել է, մասնավորապես՝ ինչ ընթացակարգով է որոշվելու, թե ով է հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ստուգելու:

 

Հստակեցվել է նաև լիազորված մարմնի ղեկավարի և հավակնորդի հանդիպման, պայմանագրի կնքման ժամկետների, ինչպես նաև հավակնորդ չլինելու կամ որևէ հավակնորդի հետ պայմանագիր չկնքելու դեպքում նոր հայտարարություն հրապարակելու կարգավորումը:

 

Հավակնորդների փաստաթղթերի ուսումնասիրության համար լիազոր մարմնի ղեկավարը կսահմանի պատասխանատու ստորաբաժանում, որն էլ սահմանված ժամկետում կապահովի աշխատանքների իրականացումը: Ուսումնական հաստատության համակարգողը կնշանակվի հարցազրույցի արդյունքում: Նոր փոփոխությամբ սահմանվում է նաև, որ վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման մրցույթի հարցազրույցին կարող են մասնակցել նաև անձնակազմի կառավարման և հանրակրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարները, ինչը հնարավորություն է տալիս կանխելու լիազոր մարմնի ղեկավարի կողմից միանձնյա որոշման ընդունման դեպքերը:

 

Պաշտոնի նշանակման եռօրյա ժամկետ է սահմանվել՝ հաշվի առնելով գործառույթների կատարման անհետաձգելի բնույթը:

 

Սահմանվել են այն դեպքերը, երբ հավակնորդներին չի թույլատրվում մասնակցել հարցազրույցին:

 

Հայտարարության հրապարակում

 

Դպրոցներում վարչատնտեսական համակարգողի թափուր տեղ առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հրապարակվում է հայտարարություն՝ պետական ուսումնական հաստատու­թյան համակարգողի թափուր տեղն զբաղեցնելու նպատակով:

 

Լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքա­պե­տա­րանը, համակարգողի թափուր տեղի հայտարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է www.azdarar.am կայքում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Թափուր տեղը համալրելու համար հայտերն ընդունում է տվյալ լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ www.azdarar.am կայքում սկսած հայտա­րա­րության հրապարակման օրվանից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Նշանակում

Լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդների փաստաթղթերը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, անցկացնում է հարցազրույց (յուրաքանչյուր հավակնորդի հետ առանձին, նույն օրվա ընթացքում), որին կարող են մասնակցել նաև անձնակազմի կառավարման և հանրակրթության ոլորտը համակարգող ստորա­բաժանումների ղեկավարները: Հարցազրույցի դրական արդյունքի դեպքում լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդներից մեկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:

Մասնակիցներից որևէ մեկի՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու, հավակնորդ չլինելու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որևէ մեկի հետ պայմանագիր չկնքելու դեպքում թափուր տեղի համալրման համար 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում