Ցանկանում եմ, որ մեր անհատական նպատակներն ու ջանքերը մեկտեղվեն հավաքական նպատակների և գործողությունների մեջ․ Թորոսյան
Ցանկանում եմ, որ բոլորս անհատապես փոխենք մեր մոտիվներն ու նպատակները և այդ նպատակներին տանող մեր գործողությունները, ցանկանում եմ, որ մեր անհատական նպատակներն ու ջանքերը մեկտեղվեն հավաքական նպատակների և գործողությունների մեջ, որպեսզի ուժ գտնենք սպասարկելու մեր պետական շահերը:
Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորը․
«Սիրելի հայրենակիցներ,
Ցանկանում եմ շնորհավորել ձեր բոլորի ամանորը և մաղթել ամենայն բարիք նոր տարում ձեզ, ձեր ընտանիքներին և բոլոր մտերիմներին:
2021 թվականը սովորական տարի չէր: Մենք բոլորս, մեր երկիրը շարունակում էին կրել 2020 թվականի աղետալի պատերազմի, կովիդի շարունակվող համավարակի ծանր հետևանքները: Իրավիճակը ավելի էր բարդացնում մեր երկրի սահմաններին եղած անկայունությունը, որը ստեղծվում էր մեր հակառակորդի կողմից և որին պետք էր ամեն օր դիմագրավել, ինչպես նաև ներքաղաքական անկայունությունը, որը դժբախտաբար ստեղծվում էր մեր որոշ հայրենակիցների կողմից, որոնք այլ օրակարգ ունեին, քան մեր երկրում կայունության հաստատումը և երկրի զարգացումը: Բայց հիմա չեմ ուզում անդրադառնալ վերջիններիս, քանի որ դրա մասին շատ է խոսվել:
Ցանկանում եմ, որպեսզի մենք բոլորս 2022 թվականին, հետահայաց գցելով 2021 թվականին տեղի ունեցածին, ջանք չխնայենք, որպեսզի նոր տարին դարձնենք ավելի լավը մեր երկրի և բնակչության համար` փոխելով մեր անհատական և հավաքական վարքագիծը, ինչն այդքան անհրաժեշտ է հիմա: Ցանկանում եմ, որ բոլորս անհատապես փոխենք մեր մոտիվներն ու նպատակները և այդ նպատակներին տանող մեր գործողությունները, ցանկանում եմ, որ մեր անհատական նպատակներն ու ջանքերը մեկտեղվեն հավաքական նպատակների և գործողությունների մեջ, որպեսզի ուժ գտնենք սպասարկելու մեր պետական շահերը: Առանց մեր բոլորի կողմից մեր պետական շահերի շարունակական գիտակցման և սպասարկման, չենք կարողանալու գնալ առաջ, չենք կարողանալու կառուցել ավելի լավ ապագա: Ես հավատում եմ և հուսով, որ ի հեճուկս ամեն ինչի կարողանալու ենք:
Ցանկանում եմ, որ 2022 թվականին մեր մեջ ուժ գտնենք մեր պետական շահերը իրապես հասկանալու համար, քանի որ միշտ չէ, որ դրանք ակնհայտ են և տեսանելի հենց մակերեսին և հետևաբար կարիք ունեն խորասուզման և մանրամասն բանավեճի, ինչը հաճախ տեղի չի ունենում: Ավելին, ինքս կարծում եմ, որ հենց պետական (երբեմն էլ ազգային) շահերը չհասկանալու մեջ է եղել վերջին տասնամյակների, ինչու ոչ վերջին 150 տարվա, մեր պատմության վատ էջերի պատճառը: Այդպիսով ցանկանում եմ, որպեսզի 2022 թվականին մեր երկրի մասին մակերեսային դատողությունները փորձենք փոխարինել խորը վերլուծությամբ, ինչը կաշկանդված չի լինի պատմական, անձնական կամ կուսակցական կարծրատիպերով և կբացահայտի մեր իրական հիմնախնդիրները, մարտահրավերները և ցույց կտա դրանց լուծման ուղիները: Հենց կարծրատիպերից զերծ վերլուծություններն ու եզրակացություններն են մեզ թույլ տալու գնալ առաջ և ոչ թե` հետ:
Վերոգրյալից զատ բոլորիդ ցանկանում եմ անձնական երջանկություն, առողջություն և ինչքան էլ որ դժվար լինի այս ծանր ժամանակաշրջանից հետո` բարձր տրամադրություն: Ցանկանում եմ, որպեսզի տոնական օրերի ընթացքում մեր բոլորս հիշենք մեր երկրի անկախության և ազատության համար բոլոր ժամանկներում նահատակված մեր քույրերին և եղբայրներին ու փառաբանենք նրանց` խոստանալով, որ Հայաստանը ավելի լավ երկիր ենք դարձնելու:
Շնորհավոր ԱՄԱՆՈՐ»։
Կարծիքներ