Բեռնատարի վարորդը 1 միլիոն 500 հազար ռուբլու գողության մասին սուտ հաղորդում է տվել
Հուլիսի 24-ին Վաղարշապատում բնակվող 38-ամյա վարորդը ահազանգել էր «911» ծառայություն և հայտնել, որ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված բեռնատար մեքենայից 1 միլիոն 500 հազար ռուբլի են գողացել։ Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Սևանի բաժին։
Դեպքի վայր հասած օպերատիվ խումբը նրանից հաղորդում էր ընդունել, ապա Սևանի ոստիկանները սկսել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց միացել էին Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզները։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:
Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ոչ մի գողություն չի եղել:Վարորդն այլ անձի պատկանող ապրանք է տեղափոխել արտերկիր, որտեղ նրան գումար են տվել՝ ապրանքի տիրոջը փոխանցելու համար։
38-ամյա տղամարդը գումարը կարիքների համար ծախսել է, և, հետագա անախորժություններից խուսափելու համար խառնշտել է բեռնատարի սրահը, գողության տպավորություն ստեղծել ու ահազանգել։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Կարծիքներ