Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը Երևանում կմասնակցի ապրիլի 24-ի արարողությանը
Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Լիբանանի նախագահ Միշել Աունի գրասենյակը հայտնել էր, որ ստացել է ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին ներկա գտնվելու հրավեր, որը նախագահ Աունին էր փոխանցել Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը նշում է, որ նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել և նշել, որ հանձնարարել է երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին մասնակցել արարողությանը:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:
Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է. երկրի պատգամավորների պալատը որոշում է ընդունել 1997թ. ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000թ. մայիսի 11-ին:
Կարծիքներ