Մարգահովտում պղձի հանքի բացմանը դեմ արտահայտվող բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել
Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչները պղնձի հանքի բացման վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո բողոքի ակցիա են իրականացրել:
Հանքի կենտրոնը գտնվում է Եղեգնուտ համայնքում: Հանքի հետ առնչվող 5 ազդակիր համայնքներ կան, որոնցից Մարգահովիտն ամենաքիչն է առնչվում, սակայն հանրային քննարկումն ապրիլի 16-ին տեղի է ունեցել հենց այնտեղ:
«Այդ հանքը պոչամբար չի ունենալու, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մինչև կես միլիոն տոննա հանքաքարի մշակումը չի կարող իրականացվել պոչամբարների միջոցով: Այստեղ լինելու են չոր պոչանքներ: Ֆաբրիկան էլ այստեղ չի տեղակայվելու, այս բնակավայրից դա հեռու է 20 կմ»,- նշեց քաղաքական գործիչ Վազգեն Խաչիկյանը, ով հանրային քննարկման էր եկել որպես հանքի ներկայացուցիչ:
Նրա խոսքով՝ այդ հատվածում երկրաբանահետախուզական աշխատանքներ պետք է կատարվեն, և հնարավոր է, որ ոչ մի պաշար էլ չլինի:
Բողոքի ակցիա իրականացնողներից մեկը դիմելով Խաչիկյանին՝ հարց ուղղեց, թե ո՞վ է լինելու հանքի իրական սեփականատերը, ինչի պատասխանը եղավ այն, որ գլխավոր բաժնետերը Չեխիայի քաղաքացի, ազգությամբ չեխ Դավիթ Մարաշեկն է:
Խաչիկյանը նաև նշեց, որ շահագործման դեպքում հանքանյութը դուրս է բերվելու և տեղափոխվելու Արարատի մարզ՝ ոսկու կորզման ֆաբրիկա:
Բնակիչներն էլ վստահեցնում են, որ իրենց ոչ ոք տեղյակ չի պահել որոշման մասին, նրանք հանքի շահագործման ծրագրերին տեղեկացել են շրջանառվող լուրերից:
«Ես այս ամենին ընդդիմանում եմ, քանի որ բժիշկ եմ և ցանկանում եմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռներն առողջ ապրեն: Գուցե լավ են համոզում, բայց մենք թույլ չենք տա Մարգահովտում հանք բացել»,- նշեց բնակիչներից մեկը:
Բնակիչները Մարգահովիտի հանրային քննարկումը բոյկոտել և տապալել են:
Հանրային քննարկումներ են սպասվում նաև մյուս համայնքներում՝ Դեբեդում, Եղեգնուտում, Վահագնիում, Վահագնաձորում, սակայն բնակիչները վստահ են, որ մյուս համայնքներում ևս նույն արձագանքն է լինելու:
Կարծիքներ