Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունումը
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ծրագրից կարող են օգտվել անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող շահառուները։
Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ' https://housing.socservice.am/:
Անհատական բնակելի տան կառուցման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները՝
2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,
ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Դիմում լրացնելիս ԼՂ հայրենակիցները պետք է պարտադիր ընտրեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված օրինակելի նախագծերից որևէ մեկը։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում՝
5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1),
4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2),
3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիների),
2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք (բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի)։
Կարծիքներ