Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը
Պետական սահմանի մոտ հավաքված փախստականներին վտարելու մասին Ֆինլանդիայում ընդունված օրենքը ենթադրում է, որ վտարման մասին որոշումը սահմանապահները կներկայացնեն որքան հնարավոր է շուտ։ Ըստ այդմ՝ փախստականներին կհրամայեն վերադառնալ այն երկիր, որտեղից ժամանել են Ֆինլանդիա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Պյայվի Կաասինենը։
Նշվում է, որ «Միգրացիայի դեմ պայքարի ժամանակավոր միջոցների մասին» օրենքը, որը ենթադրում է փախստականների արտաքսում, ուժի մեջ կմտնի հուլիսի 22-ից։ Այն Ֆինլանդիայի իշխանություններին թույլ կտա սահմանափակել փախստականների ընդունումը սահմանի որոշակի հատվածով։
«Այս օրենքի կիրառման որոշումը կայացնում է կառավարությունը, եթե գործադիրն ու հանրապետության նախագահը հաստատեն դրա կիրառման հիմքերը, ապա փախստականների մուտքը երկիր կարգելվելի։ Արտաքսման մասին որոշումը և բուն արտաքսումը գործնականում կտևի մի քանի ժամ»,- ասել է Կաասինենը:
Ֆինլանդիայի իշխանությունները դեռ պետք է որոշեն՝ սահմանափակել ապաստանի դիմումները սահմանի որոշակի հատվածում, թե ոչ: Ըստ Ֆինլանդիայի իշխանությունների՝ փախստականներն օգտագործվում են որպես ազդեցության գործիք այլ պետությունների կողմից։ Օրենքի համաձայն՝ ապաստան հայցողները չեն կարողանա մուտք գործել կառավարության որոշմամբ հաստատված տարածք և կարտաքսվեն։
Կարծիքներ