Բելգիայում ամենածեր կինը մահացել է 111 տարեկանում
111 տարեկանում մահացել է Բելգիայի ամենածեր քաղաքացուհի Մարիետ Բուվեռնը, գրում է Le Soir-ը:
Նա վախճանվել է Գենտենի տարեցների տանը, պարբերականին հայտնել են l”ASBL Le Foyer կազմակերպությունում, որը ղեկավարում է հաստատությունը: Ամեն տարի դեկտեմբերի 25-ին նշելով իր ծննդյան օրը՝ Մարիետն ասում էր, որ այդքան ծեր լինելն ամենևին էլ ընծա չէ, պատմել են l”ASBL Le Foyer-ում:
Նա ամենատարեց բելգիացին է դարձել 2020 թվականի հունվարին Էլիզաբեթ Պրոստի մահվանից հետո, որը գրեթե 112 տարեկան էր: Մարիետը ծնվել է 1908 թվականին:
1932 թվականին նա ամուսնացել է ձեռնարկատիրոջ հետ, իսկ ինքն ավարտել է քարտուղարական դասընթացները և, տիրապետելով անգլերենին ու ֆրանսերենին, երկար տարիներ աշխատել է նոտարական գրասենյակում:
Նրա ամուսինը մահացել է 1960 թվականին, նրանք երեխաներ չեն ունեցել: Այժմ Բելգիայի ամենածեր քաղաքացուհին համարվում է Մարիա Յուլյա վան Հոլը, որը ծնվել է 1909 թվականի մայիսի 7-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ