Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի հետ

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի հետ

Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության  ժամկետի ավարտի կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։ 

Ինչպես տեղեկացրին Սահմանադրական դատարանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկո Սխերմերսի դերը Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորված օրինակելի գործընկերության և բարեկամության գործում։ 

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին նշել է, որ Դեսպանությունը պատրաստ է աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում, և այդ առումուվ, Բարձր դատարանի հետ համագործակցությունն իսկապես օրինակելի է ու արդյունավետ։  

Երկուստեք կարևորվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի լիարժեք իրագործումը, որի նպատակն է խթանել Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, բարելավել Բարձր դատարանի ներքին ընթացակարգերն ու նպաստել հանրային հաշվետվողականության բարձրացմանը։

Դեսպան Նիկո Սխերմերսը հույս է հայտնել, որ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն էլ ավելի կզարգանա և առավել ընդգրկուն կդառնա։ 

Արման Դիլանյանը հաջողություններ է մաղթել դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին իր հետագա գործունեության ընթացքում։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում